Ազնավուրը մարդ-պատմություն էր. Արտակ Դավթյան

22-05-2020 15:01

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական խոսք է ուղղել Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ՝ շեշտելով, որ Ազնավուրը մարդ-պատմություն էր, որ «իրենով արեց» աշխարհն ու կարողացավ իր անձով Հայաստանը՝ իր պատմական հայրենիքը, ներկայանալի դարձնել միլիոնավոր մարդկանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, թե միայն այն փաստը, որ ՀՀ հարավարևմտյան սահմանին տեղակայված դիրքերից մեկը «Ազնավուր» է կոչվում, բավարար է հասկանալու համար այն մեծ հիացմունքը, գնահատանքն ու արժևորումը, որ Զինված ուժերը՝ որպես հավաքական կերպար, տածում է մեծ շանսոնյեի նկատմամբ: «Նրա դրսևորումները հանճարեղ էին՝ թե´ որպես երգիչ ու բանաստեղծ, թե´ որպես մարդ ու հայ: Զենքը ձեռքին սահմանին կանգնած զինվորը մեզանում անգնահատելի արժեք է. Ազնավուրն էլ մի աննկուն ու անվրեպ զինվոր էր քաղաքակրթությունների և պատմության խաչմերուկում, ով ցանկացած վատ, բարդ իրավիճակում գործեց ի շահ իր հայրենի երկրի: Ու թեև արդեն երկրորդ տարին է՝ անձամբ չենք կարող նրան շնորհավորել ծննդյան օրվա առթիվ, բայց նա այն հազվագյուտ երևույթներից է, ում ծննդյան փաստը միայն համազգային տոն է, և վստահաբար կարող ենք ասել՝ շնորհավոր, հայ ժողովուրդ, որ Ազնավուր ես ծնել»,-նշել է Արտակ Դավթյանը:  Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն: Մայիսի 22-ին նա կդառնար 96 տարեկան:

Lragir.am,
22-05-2020 15:01