ԲԴԽ-ն անդրադարձել է դատական իշխանության հասցեին հնչող քննադատություններին

22-05-2020 15:09

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել վերջին շրջանում դատական բարեփոխումների կապակցությամբ հանրային քննարկումների շրջանակում դատական իշխանության հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ: «Վերջին շրջանում դատական բարեփոխումների կապակցությամբ հանրային քննարկումների շրջանակում առանձին գործիչների կողմից քննադատության խոսքեր են հնչեցվում դատական իշխանության` ընդհանրապես և Բարձրագույն դատական խորհրդի հասցեին մասնավորապես, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել հետևյալը. Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է բացառապես գործող Սահմանադրության և օրենքների հիման վրա, ուստի Խորհրդի գործունեության վերաբերյալ հանրային սպասումները պետք է հիմնվեն այս պարզ ճշմարտության վրա: Կարևորելով տարբեր կարծիքների և քննադատական խոսքի առկայությունը ժողովրդավարական գործընթացներում՝ միաժամանակ գտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդին և դատավորներին ուղղված քննադատությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե հիմնված ենթադրությունների, անորոշ և անհիմն ընդհանրական գնահատականների ու մեղադրանքների վրա: Բարձրագույն դատական խորհուրդն իր աշխատանքը կազմակերպել և շարունակում է կազմակերպել թափանցիկության սկզբունքով, բաց է ցանկացած քննարկման համար, որը կարող է նպաստել դատական իշխանության արդյունավետ գործունեությանը: Միևնույն ժամանակ՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ դեռևս երկու շաբաթ առաջ Բարձրագույն դատական խորհրդի կողմից հանդիպման հրավեր է ուղարկվելդատական իշխանության վերաբերյալ վերջին շրջանում առավել քննադատական ելույթների հեղինակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, սակայն նրա կողմից այդպես էլ արձագանք չենք ստացել: Այնուամենայնիվ, կարևորելով շահագրգիռ կողմերի հետ հանդիպումները, որպես դատական իշխանության բարեփոխման կարևորագույն գրավական, Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է, որ բաց է ցանկացած կառուցողական երկխոսության և քննարկման համար: Չցանկանալով մեկ առ մեկ պատասխանել Բարձրագույն դատական խորհրդի վերաբերյալ հնչող քաղաքական, ընդ որում շատ դեպքերում սուբյեկտիվ գնահատականներին, հանրությանը կրկին ու կրկին հավաստիացնում ենք, որ Խորհուրդը գործում է և գործելու է բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքներով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, զերծ է մնալու քաղաքական գործընթացներին ներքաշվելուց և շարունակելու է իրականացնել իր վրա դրված բարձր և մինույն ժամանակ խիստ պատասխանատու առաքելությունը»:

Lragir.am,
22-05-2020 15:09