Թրամփից հետո Պուտինն էլ հիասթափեցրեց Ալիեւին. դա ոչ մեկին պետք չէ

ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ալիեւին՝ Ադրբեջանի անկախության օրվա առիթով: Ինչպես օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը, այնպես էլ Ռուսաստանի նախագահը ուղերձում անտեսել է Ալիեւի եւ ադրբեջանական պրոպագանդայի համար կարեւորագույնը՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջության» հանգամանքը: Մի բան, որի վրա կենտրոնացած է ադրբեջանական ամբողջ քարոզչությունը, որը փնտրում են նրանք ամենուրեք, որի համար այդ քարոզչամիջոցները շատ հաճախ նենգափոխել են անգամ արտերկրի տարբեր դիվանագետների հայտարարություններ, ներկայացրել են դրանք խեղված ձեւով: Ինչու՞ են Թրամփը, հիմա Պուտինը «մոռանում» Ադրբեջանի համար ամենակարեւորը: Պատասխանը թերեւս պարզ է: «Մոռանում» են, որովհետեւ նրանց համար Ադրբեջանի «տարածքային ամբողջությունն» ամենեւին կարեւոր չէ: Ադրբեջանի տարածքային ամբողջությունը թե ԱՄՆ, թե Ռուսաստանի համար կարեւոր չի եղել երբեք: Մեծ հաշվով, հենց այդ հարցը կոնսերվացնելու եւ կառավարելու համար է ստեղծվել Մինսկի խմբի համանախագահությունը, ինչից էլ բնականորեն առաջացել է այդ ձեւաչափից Բաքվի դժգոհությունը: Անգամ «լավրովյան» կամ «կազանյան պլանները» արտահայտում են ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ Ռուսաստանի հետաքրքրությունը, այլ հակառակը՝ դրանք արտահայտում են Ռուսաստանի հետաքրքրությունն արցախյան ռազմա-քաղաքական գոտու հանդեպ: Ռուսաստանին հետաքրքրում է իր ներկայությունն այդ գոտում, ոչ թե Ադրբեջանի: Մեծ հաշվով դա է հետաքրքրում արցախյան հարցի հանդեպ անմիջական ուշադրություն ցուցաբերող բոլոր ուժային կենտրոններին: Ընդ որում, այստեղ շահերի բախումը ակնառու է, եւ այդ բախման պարագայում էլ ակնառու է, որ այդ գոտու հայկական ենթակայությունը աշխարհքաղաքական փոխզիջում է, որի ամրությունն անշուշտ կախված է Հայաստանի ինքնիշխանությունից եւ պետական մրցունակությունից: Պատմական, քաղաքակրթական, քաղաքական գործոնների մի ամբողջ համախումբ ձեւավորում է այդ աշխարհաքաղաքական փոխզիջման բազան, չնայած հանգամանքին, որ ուժային բոլոր կենտրոններն ունեն արցախյան ռազմա-քաղաքական գոտու եւ Կովկասի ռեգիոնալ անվտանգության համակարգի առնչությամբ իրենց լայն ռազմավարությունը: Այլ հարց է, որ Ռուսաստանում կան իշխող վերնախավում ներառված տնտեսա-քաղաքական շրջանակներ, որոնք վերջին մոտ երկու տասնամյակում հետեւողականորեն զարգացրել են Հայաստանի ինքնիշխանության չեզոքացման միջոցով արցախյան գոտում անմիջական ռուսական վերահսկողություն հաստատելու ռազմավարությունը, ինչը ենթադրել է սերտ խաղ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Միեւնույն ժամանակ, պետք չէ բացառել, որ հենց թուրք-ադրբեջանական խաղն է բերել ռուսական վերնախավում այդ ռազմավարության գերիշխանության, որովհետեւ, ինչպես նաեւ ցույց տվեց ապրիլյան քառօրյան, ռուսական քաղաքականության կովկասյան հեռանկարի համար այդ ռազմավարությունը նման է լարախաղացության: Ընդ որում, դրանում Ռուսաստանն ավելի շուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքի փայտն է, որը դեն են նետելու «տեղ հասնելուն» պես: 2016-ի ապրիլին, փրկելով հայկական ինքնիշխանության բարակած թելը, հայկական զինուժը եւ հանրությունը ակամա փրկեցին նաեւ Ռուսաստանին «դեն նետվելուց»: Ամբողջ հարցն այն է սակայն, որ քաղաքական ռազմավարության տրամաբանության իմաստով Ռուսաստանը շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական լարախաղացի «փայտ»: Ըստ երեւույթին, դա է նաեւ պատճառը, որ Մոսկվան անում է թույլ փորձեր՝ կարգավիճակը փոխելու համար, աշխարհի վերափոխման ամերիկա-չինական դիմակայությանն ընդառաջ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
22-05-2020 16:43