Beeline-ում նոր կոմերցիոն տնօրեն է նշանակվել

22-05-2020 17:09

Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա աշխատում է  ընկերությունում 2008 թ-ից՝ սկսելով կորպորատիվ վաճառքի մասնագետի պաշտոնից, այնուհետև` զբաղեցրել է կարևոր պաշտոններ B2B վաճառքի և մարքեթինգի ուղղություններում, և վերջին 5 տարիների ընթացքում ղեկավարել է Մարքեթինգի ծառայությունը` պատասխանատու լինելով ընկերության պրոդուկտների և ծառայությունների զարգացման, ռազմավարական պլանավորման, մարքեթինգային հաղորդակցությունների, վերլուծության և հետազոտությունների համար: Նրա անմիջական մասնակցությամբ արդիականացվել է ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված կապի պրոդուկտները, գործարկվել  են նոր թվային ծառայություններ, ինչպիսիք են՝ BeeTV, BeeMoney, My Beeline Armenia հավելվածները, աճել է հաճախորդների գոհունակության ցուցանիշը ընկերության պրոդուկտներից և ծառայություններից: «Ուրախ եմ, որ մեր ընկերության ռազմավարական նշանակություն ունեցող գործառույթը կգլխավորի մի մասնագետ, ով ընկերությունը գիտի ներսից և ով իր արդյունավետությունը ցույց է տվել գործնականում: Մաղթում եմ Արինային և ողջ թիմին հաջողություններ և նորանոր հաղթանակներ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: «Սա իմ աշխատանքի շատ բարձր գնահատական է, որի համար ես շնորհակալ եմ: Ես դիտարկում եմ այս նշանակումը որպես վստահության նշան ղեկավարության կողմից և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն: Վստահ եմ, որ Beeline-ի պրոֆեսիոնալ և ուժեղ թիմի հետ միասին մենք կիրականացնենք բազմաթիվ նախագծեր նոր ծառայությունների ստեղծման և զարգացման համար, և էլ ավելի կամրապնդենք ընկերության դիրքերը հեռահաղորդակցության շուկայում», – նշեց Հայաստանում Beeline-ի նորանշանակ կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը: Արինա Առուստամյանը ստացել է բարձրագույն կրթություն տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտում (Երևանի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան), անցել է որակավորման բարձրացման տարբեր դասընթացներ և կուրսեր, ի թիվս` «Կոմերցիոն տնօրեն» դասընթացը Ռուսաստանի կառավարման դպրոցում: Անցյալ տարի նա ստացել է MBA աստիճան Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցում (Said Business School, University of Oxford): Հայաստանում Beeline-ում այս պահին թոփ-մենեջմենթում կանայք բացարձակ մեծամասնություն են: Նշենք նաև, որ ընկերության պատմության մեջ առաջին անգամ է նշանակվում կին կոմերցիոն տնօրեն:

Lragir.am,
22-05-2020 17:09