Ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն

22-05-2020 18:24

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու Պարետի որոշման կատարումը: Ոստիկանության ծառայողները, համագործակցելով առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների հետ, այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին: Ինքնամեկուսացման կանոնների խախտումների դեպքում կազմվում են վարչական իրավախախտման արձանագրություններ: Հսկողություն է իրականացվում հասարակական տրանսպորտում: Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում չպետք է լինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները պետք է լինեն դիմակով, ձեռնոցով, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ: Ուղևորները նույնպես պարտադիր պետք է կրեն դիմակ ու ձեռնոցներ, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով: Տաքսիներում նույնպես վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը: Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն: Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ: Հիշեցնենք նաև, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը: Պարետի բոլոր որոշումները կարող եք տեսնել gov.am կայքի «Պարետի որոշումներ» բաժնում: Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, դրանք խախտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Lragir.am,
22-05-2020 18:24