Տեսչական մարմինը մշտադիտարկել է հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանումը

22-05-2020 20:18

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ: Կազմվել և տրամադրվել  են ուղեցույցներ՝ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին, վարորդներին, տաքսու վարորդներին: Որպես նախնական կանխարգելիչ գործողություններ իրականացվել են իրազեկման աշխատանքներ ուղևորների, ավտոկայարանների և հավաքակայանների աշխատակիցների շրջանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ  հիմնական ավտոճանապարհների վրա իրականացրել են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով այն տրանսպորտային միջոցները, որոնք սովորաբար գերբեռնված են լինում:  Տրանսպորտային միջոցում առանց դիմակի կամ սահմանված քանակից ավել ուղևորներ հայտնբերելու դեպքում  ուղևորներն իջեցվել են  տրանսպորտային միջոցներից, որից հետո միայն տրանսպորտային միջոցը շարունակել է իր բնականոն աշխատանքը: Յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում ճանապարհային ոստիկանության հետ համատեղ  ստեղծվել են շրջիկ խմբեր, որոնք ամենօրյա ռեժիմով հսկողություն են իրականացնում Պարետի որոշման պահանջների կատարման նկատմամբ: Տեսչական մարմնի և  «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների  համատեղ կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ,  տեղում կատարվել են իրազեկման աշխատանքներ և տրվել  պարտադիր կատարման ցուցումներ:

Lragir.am,
22-05-2020 20:18