Մի լուսանկարի աղմկոտ պատմություն. Վարչապետը պետք է հրաժարվի

Արցախի նոր նախագահի պաշտոնամուտի արարողությունից հետո չքնաղ Շուշիում կազմակերպված խնջույքից լուսանկարները հանրության շրջանում առաջացրել են մեծ աղմուկ: Աղմուկի պատճառը դիմակներն ու սոցիալական հեռավորությունն են, որ կարծես թե պահպանված չեն: Ասում են, թե քաղաքացիներին այդպիսի կանոններ պարտադրող կառավարությունը պետք է ինքը առաջին հերթին հետեւի դրան: Դիտողությունն անշուշտ իրավացի է, թեեւ կառավարող մեծամասնությունն էլ բացատրում է, թե իրենք Արցախում էին, որտեղ կարանտինի կանոններն այլ են, քան Հայաստանում: Այդ բացատրությունը տեղավորվում է կարանտինի, թե «կրուտիտի» կանոնների մեջ, բացատրող պաշտոնյաներին լսելով կորոշի հանրությունը: Բայց, լուսանկարները թերեւս խոսում են շատ ավելի կարեւոր հանգամանքի մասին, որը գուցե առավել արժանի է հանրության աղմկոտ արձագանքին: Լուսանկարները խոսում են մի բանի մասին, որի մասին պաշտոնական արարողության իր ելույթում խոսում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. հեղափոխություն, մտածողության, արժեքների, ուղենիշների փոփոխություն, հնի մշակութային, մտածողական հաղթահարում եւ անցում նորին՝ որակապես, ոչ միայն ձեւով նորին: Նիկոլ Փաշինյանը գործնականում շոշափում էր հայկական պետականության համար հիմնարար նշանակություն ունեցող թեման, որից հետո լուսանկարներում պատկերված խնջույքը հավասարազոր էր «գործնական պարապմունքի», բայց հակառակ իմաստով: Վերնախավային խնջույքները հին մտածողություն ու արժեհամակարգ են, եւ վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարվի այդ «մշակույթից» եւ այն իր ներկայությամբ խրախուսելուց: Հրաժարվել ոչ խնջույքից, հավաքույթից, հրավերքից ընդհանրապես՝ որպես երեւույթ, որն իր մեջ պարփակում է նաեւ ազգային մշակույթի որոշակի առանձնահատուկ տարրեր, իհարկե աղիողորմ կլկլոցով երաժշտությունից զերծ: Խոսքը «վերնախավային խնջույքի» որակական, մտածողական, արժեհամակարգային հնության մասին է, եւ հենց այդ տեսակից հրաժարվելու մասին: Խոսքը չի վերաբերում լոկ պաշտոնամուտի արարողությանը, այլ ընդհանրապես, տարբեր առիթներով կազմակերպվող այդօրինակ խնջույքներին՝ շատ լինեն դրանք, թե քիչ: Հատկապես երկրում աղքատության, սոցիալական անապահովության շոշափելի աստիճանի պայմաններում, այդ խնջույքները եւ դրանց առատ սեղանները պատկերող լուսանկարները «անպարկեշտ» են: Բայց, պետք է ոչ թե թաքցնել լուսանկարները, այլ վերացնել երեւույթն ընդհանրապես: Որովհետեւ խնդիրն այստեղ ամենեւին միայն սոցիալական կոնտրաստը չէ: Խնդիրը նաեւ ներվերնախավային հարաբերությունների հոգեբանությունն է, միաժամանակ նաեւ վերնախավ հասկացության, կարգավիճակի հոգեբանական ընկալումը թե դրա ներկայացուցիչների, թե հանրության շրջանում: Եվ այդտեղ որեւէ էական նշանակություն չունի՝ խնջույքին մասնակցում է լեգիտի՞մ, թե՞ ոչ լեգիտիմ վերնախավ: Եվ առավել եւս, որ Շուշիի խնջույքն այդ իմաստով իհարկե հիբրիդ էր, բայց դա իմիջիայլոց:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
22-05-2020 20:54