Երանոս համայնքում կշարունակվեն մանկապարտեզի հիմքերի ամրացման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքները

22-05-2020 21:52

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում կշարունակվեն մանկապարտեզի հիմքի ամրացման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 32 միլիոն 186 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 20 միլիոն 924 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 11 միլիոն 261 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը: Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի հավաստմամբ՝ մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի առաջին փուլն իրականացվել է նախորդ տարում, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այս տարի այն շարունակվելու է հիմքերի ուժեղացման եւ դռների ու լուսամուտների տեղադրման աշխատանքների տեսքով: Մանկապարտեզի հիմնանորոգման ավարտական փուլը կիրկանացվի 2021 թվականի ընթացքում: «Նախորդ տարում մենք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարեցինք շենքի հիմքերի ամրացման, ջեռուցման համակարգի անցկացման  եւ դռների ու լուսամուտների տեղադրման մասնակի աշխատանքներ:Այս տարվա ծրագրով  կավարտենք հիմքերի ամրացման եւ դռների ու լուսամուտների տեղադրման աշխատանքները, իսկ եկող տարվա սուբվենցիոն հերթական ծրագրով կլուծենք ներքին հարդարման աշխատանքների ավարտի ու գույքի ձեռքբերման հոտ կապված խնդիրները: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Lragir.am,
22-05-2020 21:52