Իշխանությունը փորձում է լուծել անձերի խնդիր և Սահմանադրական դատարանը վերցնել վերահսկողության տակ

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Պարոն Հարությունյան,  քննարկվում է Սահմանադրական դատարանի նոր նախագահ ունենալու հարցը լուծելն այն ճանապարհով, որ ՍԴ անդամները պետք է ընտրեն նախագահ: Միաժամանակ, իշխանությունները ՍԴ հարցով դիմել են Վենետիկի հանձնաժողով: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գործընթացներին: Ես լավ չեմ պատկերացնում, թե այնուամենայնիվ, ինչ տարբերակ է առաջարկվում: Տարբերակ որպես այդպիսին չկա, չի ներկայացվել, դրա համար չեմ կարող գնահատական հնչեցնել: Այս քննարկվող տարբերակով կարծես թե Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ որպես ՍԴ անդամ, և իշխանության ներկայացուցիչները ՍԴ խնդիրը ձևակերպում են հետևյալ կերպ, որ ոչ թե անձերի խնդիր է դրված, այլ պետք է գործի ՍԴ այն մոդելը, որը սահմանված է Սահմանադրությամբ: Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը նախատեսել է, թե ինչ եղանակով է կյանքի կոչվելու Սահմանադրությամբ նախատեսված մոդելը: Եվ այդ մոդելը գործո՞ւմ է ըստ ձեզ: Ես կարծում եմ, որ այդ մոդելը գործում է, և կիրառվում է այդ մոդելի անցումային ամբողջ ժամանակահատվածը, ինչ Սահմանադրությունը նախատեսել է: Մենք տեսնում ենք, որ ամիսներ շարունակ իշխանությունները ելքեր են փնտրում ՍԴ խնդիրը լուծելու համար: Ինչո՞ւ է ձգձգվում այս հարցի լուծումը, իրավական հիմքեր չկա՞ն, թե այլ խնդիր է: Նախ, ես կարծում եմ, որ ինքը խնդիրը շատ արհեստական խնդիր է: Եվ ինչքան էլ իշխանություններն ասում են, որ դրա նպատակը Սահմանադրությունը գործադրելն է, բայց իրականում փորձում են դատարանում լուծել անձերի խնդիրներ և Սահմանադրական դատարանը վերցնել վերահսկողության տակ: Իշխանությունները հայտարարեցին, որ դատական համակարգում վեթինգ չեն իրականացնելու, փորձում են անցնցում բարեփոխումներ իրականացնել: Ի՞նչ սպասել այդ գործընթացից: Ինքնին վեթինգի գաղափարն, իմ կարծիքով, դարձյալ արհեստածին գաղափար է: Առկա բոլոր գործիքները հնարավորություն ընձեռում են, որ ոչ պատշաճ գործող դատավորներից ազատվեն, այն դատավորներից, ովքեր խախտում են օրենքն ու Սահմանադրությունը: Այդուհանդերձ, դատական համակարգի նկատմամբ ինչպե՞ս բարձրացնել հանրության վստահությունը: Այսօր էլ կա տեսակետ, որ մարդիկ շարունակում են չվստահել այդ համակարգին: Ինչի՞ց ելնելով եք նման եզրահանգում անելու, այդ մասին ահազանգելը չափման միավոր չէ: Դատական համակարգի նկատմամբ վստահությունը չափվում է հատուկ գործիքներով: Ժամանակին, եթե չեմ սխալվում, 2016 թվականին Եվրամիության հետ համատեղ չափումներ են իրականացվել: Եվ պարզվել է, որ դատական համակարգի նկատմամբ վստահության աստիճանը մեզանում ոչ պակաս է, քան եվրոպական երկրներում: Բայց այդ ոլորտում համակարգային կոռուպցիայի, քաղաքական պատվերի մասին է տարիներ շարունակ խոսք գնացել: Կոռուպցիան ընդհանուր առմամբ հասարակության հիվանդությունն է: Եվ, ինչպես ցանկացած այլ մարմնում, դատական համակարգում ևս այն կարող է լինել: Եվ դրա դեմ պետք է պայքար վարել: Իսկ այսօր, ցավոք սրտի, ամեն ինչ արվում է, որպեսզի դատական համակարգը չգործի անկախ: Այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, դրան են տանում: Իմ խորին համոզմամբ, դատավորը, որը խախտումներ է կատարել, նրա նկատմամբ պետք է կիրառվեն այն միջոցները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ: Այսինքն՝ դա պետք է ոչ թե քաղաքական գործընթացի, այլ իրավական գրոծընթացի արդյունք լինի: Իշխանությունները հայտարարեցին, որ համապատասխան կադրային ռեզերվ չկա՝ դատական համակարգը նոր դատավորներով համալրելու համար: Ինչո՞ւ է կադրերի խնդիր առաջացել: Հայաստանում կադրեր միշտ էլ կան: Խնդիրը այլ է՝ եթե դատական համակարգը գտնվում է այն ճնշման տակ, որն այսօր կա, բնականաբար, շատ քչերը ցանկություն ունեն հայտնվելու այդ մամլիչի տակ: Քայլերը, որոնք այսօր ձեռնարկվում են, և կարծիքները, որոնք հնչում են դատական իշխանության հասցեին, այդ ամենն իրականում ուղղակի մամլիչ է: Իշխանության մամլիչի տակ դատական համակարգ ունենալն իրականում նշանակում է, որ մենք քայլեր չենք ձեռնարկում իրավական երկիր լինելու ուղղությամբ:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
22-05-2020 22:45