Մխիթար Հայրապետյանը կտեղափոխվի գործադի՞ր․ «Ժողովուրդ»

23-05-2020 08:09

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն առաջիկայում կարող է տեղափոխվել գործադիր մարմին: Ըստ տեղեկությունների՝ Հայրապետյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, թե օրենսդիր մարմինն իր համար չէ, որեւէ գործ չի կարողանում անել խորհրդրանում, դրա համար էլ նա ցանկանում է տեղափոխվել կառավարություն, որտեղ կկարողանա ավելի լավ ինքնադրսեւորվել: Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 22-ին հրապարակումներ եղան, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ միջադեպ է եղել Մխիթար Հայրապետյանի եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի միջեւ:  Տեղեկությունների համաձայն՝ Հայրապետյանը նիստի ժամանակ դժգոհել էր Հարությունյանի գործունեությունից, հայտնել, որ այսպես շարունակվելու դեպքում ինքն իր մանդատը վայր կդնի: Նա դժգոհ է կրթության բարեփոխումների ընթացքից: Ըստ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է Հայրապետյանին սպասել, մինչեւ լուծում գտնի: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե Հայրապետյանը գործադիրում ինչ պաշտոնի է տեղափոխվում, սակայն նրա օգնականը հայտարարեց, թե նման բան չկա:

Lragir.am,
23-05-2020 08:09