Կադիրովին շտապ տեղափոխել են Մոսկվա. Հյուսիսային Կովկասը պայթյունի շեմի՞ն

23-05-2020 08:48

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ինքնաթիռով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկն այն բանից հետո, երբ նրա մոտ կասկածել են կորոնավիրուսով վարակվածություն: Մայիսի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ նրա վիճակը բարդացել է, նրա թոքերն ախտահարված են 70 տոկոսով: Մի քանի օր առաջ Կադիրովը դատաստան էր տեսել Չեչնիայի այն բժիշկների հետ, ովքեր համարձակվել էին բողոքել, որ չունեն պաշտպանիչ տարրական միջոցներ, դեղեր եւ այլն: Փաստորեն, Գրոզնիում չկա՞ր հնարավորություն Կադիրովի բուժումը կազմակերպելու համար: Թեեւ, նման իրավիճակ է ոչ միայն Չեչնիայում, այլեւ Ռուսաստանի այլ շրջաններում եւ նույնիսկ Մոսկվայում: Կադիրովի «տարհանումը» սակայն հետաքրքիր է այլ տեսանկյունից եւս: Օրերս հայտարարվեց, որ ՌԴ վարչապետ Միշուստինն ապաքինվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել հիվանդանոցից: Իսկ մինչեւ հիվանդանոցում հայտնվելը Միշուստինի ու Կադիրովի միջեւ հեռակա կոշտ բանավեճ էր եղել, Կադիրովը քննադատել էր վարչապետին: Միշուստինի հիվանդանոցում հայտնվելուց հետո խոսակցություններ եղան, որ նա պաշտոնանկ է արվելու: Միշուստինը վայելու է ՌԴ ներիշխանական խմբավորումներից մեկի հովանավորությունը, որի մեջ մտնում են նաեւ ուժայինները: Իր հերթին, այս խմբավորումը խիստ դժգոհ է Կադիրովից եւ պարբերաբար Պուտինի առաջ դնում է նրան պաշտոնանկ անելու հարցը: Վերջին անգամ այս թեմայով զրույցն, ըստ Կրեմլի ինսայդերների, եղել է օրերս, սակայն հայտնի չէ, թե ինչ որոշում է կայացվել: Միեւնույն ժամանակ, Կադիրովի «տարհանումը» տեղի է ունենում ռուսական Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում համաճարակի լայն տարածման եւ դրա խթանած զարգացումների պայմաններում: Պուտինը որոշել է ԱԻՆ եւ բանակի ստորաբաժանումներ մտցնել շրջան, ակտիվացել են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք գործակալական լայն ցանց ունեն այնտեղ: Կադիրովը ոչ միայն Չեչնիայի, այլեւ Հյուսիսային Կովկասի «նայողն» էր ու կայունության երաշխավորը: Ռուս-չեչենական պատերազմից հետո Մոսկվան, ինչպես բնորոշում են ռուս փորձագետները, կոնտրիբուցիա է վճարում Չեչնիային նրա լոյալության դիմաց, իսկ Չեչնիան պարզապես անկախ պետություն է բոլոր առումներով: Հենց այս հանգամանքն էր ռուս ուժայինների դժգոհության պատճառը: Ի՞նչ զարգացումներ են սպասվում Չեչնիայում եւ Հյուսիսային Կովկասում: Սա զուտ առողջապահական խնդի՞ր է, թե Ռուսաստանում ներքին քաղաքական զարգացումների մի մասը:

Lragir.am,
23-05-2020 08:48