Սոցապծառայության պետի և Զարուհի Բաթոյանի ազգակցական կապի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

23-05-2020 00:26

Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ազգականն է: Անգամ նշվել էր, թե նրանց տատերը հարազատ քույրեր են: Ըստ հրապարակման՝ Ամիրշադյանը հատուկ արտոնություններ է վայելում: Նա վերջերս եղել է Իտալիայում, որտեղից վերադառնալուց հետո երկու շաբաթ մեկուսացվել է, աշխատանքի չի ներկայացել, այնուհանդերձ՝  ստացել է ոչ միայն աշխատավարձը, այլև պարգևավճար` մոտ 1 մլն դրամի չափով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է սոցապծառայության պետի՝ Իտալիայից վերադառնալուց հետո պարգևավճար ստանալուն, տեղեկացանք, որ Ամիրշադյանը եղել է արտերկրում, բայց ոչ Իտալիայում: Ամիրշադյանը ինքնամեկուսացվել է 14 օր՝ մարտի 22-ից, որից մեկ շաբաթը եղել է արձակուրդում: Ապրիլ-մայիս ամիսներին նա ստացել է միայն իր աշխատավարձը՝ առանց որևէ պարգևավճարի: Տեղեկատվության ստուգման կենտրոն

Lragir.am,
23-05-2020 00:26