ՀՀ վարչապետը Վերին Դվին համայնքի բնակիչների հետ խոսեց գյուղվարկերի տրամադրման խնդրի մասին

23-05-2020 00:49

ՀՀ կառավարությունը փնտրում է այնպիսի մեխանիզմներ, որպեսզի բանկերը վարկ տրամադրելու համար գյուղացիների հողատարածքները որպես գրավ ընդունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով Վերին Դվին համայնքի բնակիչների հարցերին՝ ընդգծելով, որ այդ հարցով նախնական քննարկումներ կան, բայց հարցն այնքան էլ պարզ չէ: Վերին Դվինի բնակիչներից մեկը ասաց, որ գյուղացիները ներկայումս ֆինանսավորման կարիք ունեն՝ մեծ մասը ունի վատ վարկային պատմություն, և բանկերը վարկեր չեն տրամադրում: «Մեզ ասում են, եթե ստեղծում եք փոքրիկ կոլտնտեսություններ, ապա դրանք կապ չեն ունենա հին վարկային պատմությունների հետ, դրանք կարող են ֆինանսավորվել: Հիմա մենք չորս հոգով ունենք մոտ 12 հա հող, ուզում ենք վարկ վերցնել, ստեղծել կոլեկտիվ տնտեսություն, սակայն բանկերը մերժում են: Առաջին հերթին երաշխիք են պահանջում, իսկ երաշխիքներ չկան: Արդյոք հնարավո՞ր է, որ երաշխիքը գյուղական համայքներում ավագանին տա կամ այլ մեխանիզմներ ստեղծվեն»,- հարցրեց Դվին համայքնի բնակիչը: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ գյուղատնտեսական կոոպերատիվների համար պետությունը հակաճգնաժամային ծրագիր է ընդունել: «Տեսակներ կա, որ մինչև 75 տոկոսը Կառավարությունն է տալիս, բայց 25 տոկոսի գրավը պետք է ապահովեք: Քննարկում ենք, որ կարողանանք այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ հողը որպես գրավ բանկերը ընդունեն, սակայն դա շատ նախնական պատմություն է: Ես հիմա չեմ ասում, որ կլինի այդպես, քննարկում ենք և դա այդքան էլ պարզ հարց չի»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
23-05-2020 00:49