ՀՔԾ-ն մերժել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական գործի հարուցումը

23-05-2020 13:51

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի էր ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը: Դատախազությունն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին: Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նյութեր էր նախապատրաստել: Հարցաքննության էին հրավիրվել դեպքին առնչություն ունեցած մի խումբ պատգամավորներ:

Lragir.am,
23-05-2020 13:51