Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացման 10-ամյակ

23-05-2020 16:04

Մայիսի 21-ին լրացավ ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանատան բացման 10-ամյակը, որն իր հաստատումից ի վեր՝ նշանակալից դերակատարում է ունեցել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների  զարգացման գործում: (Ամփոփումը լուսանկարներով՝ https://bit.ly/2Twq8VT) Այս առիթով, Արգենտինայի Արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան հեռախոսազրույց է ունեցել իր հայ պաշտոնակցի՝ Զոհրաբ Մնացականյանի հետ, որի հետ քննարկել է Covid-19 համավարակի վերաբերյալ հարցեր, փոխանակել երկկողմ հարաբերությունների ներկայիս իրավիճակի և արգենտինական ներդրումների մասին տեղեկատվություն, ինչպես նաև ընդգծել Երևանում Արգենտինայի դեսպանատան բացման 10-ամյակը: Այս տարեդարձի կապակցությամբ ստացել ենք Արտգործ նախարար Ֆելիպե Սոլայի հատուկ ուղերձը, որտեղ նախարարը, մասնավորապես, շեշտել է. «Ցանկանում եմ կարևորել այս տարեդարձը, քանի որ այն փաստում է շատ կարևոր ինստիտուցիոնալ համագործակցության մասին, մի բարեկամական համագործակցության, որ տարիներ շարունակ առկա է արգենտինական կյանքի բոլոր բնագավառներում. դա Արգենտինայի հայ համայնքն է և Հայաստանի կարևորությունը՝ որպես մի մեծ համայնքի շարժիչ ուժի, մի համայնքի, որն աշխարհում ունեցել է մեծ դեր և հասել է բարձր հեղինակության»: (Ուղերձն ամբողջությամբ՝ https://bit.ly/3eaD1Ne) Արգենտինայի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Խորխե Տայանան, իր հերթին, նշել է. «Տասը տարի առաջ պատիվ ունեցա բացել Արգենտինայի դեսպանությունը Հայաստանում՝ Երևանում: Սա մի հիշողություն է, որ պահում եմ սրտումս որպես մի ձեռքբերում և որպես հայ և արգենտինացի ժողովուրդների եղբայրության վկայական: Ցանկանում եմ հայտնել մեր աջակցությունը Հայաստանում գտնվող բոլոր արգենտինացիներին, այնտեղ գտնվող արգենտինական համայնքին և ասել, որ մենք հպարտանում ենք իրենցով»: (Ուղերձն ամբողջությամբ՝ https://bit.ly/2X09Fvr) Նախկին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, որը գրեթե 5 տարի ղեկավարել է դեսպանությունը, նշել է. «Դեսպանատան բացումը թարմ ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին հատկապես գյուղատնտեսական համագործակցության, մշակույթի ոլորտի, քաղաքական հարաբերությունների, բազմակողմ ֆորումների ու ներդրումների զարգացման գործում: Ես պատիվ եմ ունեցել աշխատել արգենտինացիների, հայերի ու Արգենտինայի հայկական համայնքի անդամների հետ, որոնք իրենց անգնահատելի աջակցությունն են ունեցել մեր գործունեության զարգացման մեջ»: Դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանն ընդգծեց Արգենտինայի հանդեպ հայերի մեծ համակրանքն ու գիտելիքները՝ շեշտադրելով այն մեծ աշխատանքը, որը կատարել են Ներկայացուցչության տարբեր աշխատակիցներ, հատկապես՝ նախկին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, որի պաշտոնավարման տարիներին էլ ավելի ամրապնդվեց երկու ժողովուրդների ու կառավարությունների միջև կապը:      

Lragir.am,
23-05-2020 16:04