Նախագահ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին

23-05-2020 16:50

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով: Այս շրջանակում նախագահն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Հանդիպմանը խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի, երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա դրա ազդեցության, դժվարությունների հաղթահարման հնարավորությունների մասին: Կարևոր է համարվել նաև միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ խորհրդարանների մակարդակով, համագործակցությանն ու համավարակի դեմ պայքարի արդյունավետ փորձի փոխանակմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, խորհրդարանի գործունեության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Lragir.am,
23-05-2020 16:50