Վրացական կողմը արձագանքել է Արսեն Թորոսյանի հայտարարությանը

23-05-2020 16:54

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «ոչ դիվանագիտական» է որակել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը: Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանը երեկ ՀԽ անդամների հետ օնլայն քննարկմանը հայտարարել է, որ Վրաստանի հակահամաճարակային համակարգն ավելի թույլ է, իսկ Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների ու մահացության դեպքերի ցածր թիվը պայմանավորել էր Վրաստանի թեստերի վատ որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ: Գամկրելիձեն խոստովանել է, որ այս հայտարարություններն իրեն զարմացրել են, չի բացառել, որ նախարարի խոսքը լրատվամիջոցներն են սխալ ներկայացրել: «Անձամբ գիտեմ Արսեն Թորոսյանին: Զարմանում եմ, որ նման հայտարարություն է արվել: Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն: Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,-հայտարարել է Գամկրելիձեն: Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ Վրաստանից եկած վարորդների մոտ կորոնովիրուսի դեպքեր են հայտնաբերվել, ապա դրա մասին Հայաստանը պետք է տեղյակ պահի ԱՀԿ-ին ու Վրաստանին, քանի որ և Հայաստանը, և Վրաստանը կազմակերպության անդամներ են և ստորագրել են ԱՀԿ միջազգային կանոնների ներքո: «Մեզ մոտ եղել են հաստատված դեպքեր Հայաստանի կամ էլ այլ երկրի քաղաքացիների մոտ: Նման դեպքում մենք պետք է տեղյակ պահենք ԱՀԿ-ին ու տվյալ երկրին: Մենք այդպես վարվել ենք մի քանի հարևան երկրների դեպքում, որպեսզի նրանք կարողանան ձեռնարկել հակահամաճարակային միջոցառումներ: Այսպիսով, եթե եղել են նման դեպքեր, պարոն Արսենը պետք է տեղեկացներ ԱՀԿ-ին և մեզ»,-ասել է նա: Ինչ վերաբերում է թեստերի մասին Թորոսյանի հայտարարությանը, ապա Վրաստանի ազգային կենտրոնի ղեկավարն ասել է. «Ոչ, պարոն Արսեն: Այն 46 կամ 47 հազար թեստավորումը, ես այսօրվա տվյալները հստակ չեմ հիշում, որ իրականացրել ենք մեր երկրում, բոլոր ПЦР թեստեր են: Այդ թվում մենք չենք ներառել մի քանի հազար արագ թեստերը , որոնք օգտագործվում են բժշկական հաստատություններում»,-ասել է Ամիրան Գամկրելիձեն:

Lragir.am,
23-05-2020 16:54