Շիրակի մարզում ուժեղ քամուց տուժել է 18 համայնք

23-05-2020 18:54

Շիրակի մարզում մայիսի 22-ին գրանցված ուժեղ քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու համար մարզպետի հրահանգով ձևավորվել են աշխատանքային խմբեր: Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից: Մինչ  կավարտվեն ուսումնասիրությունները, մայիսի 23-ին  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներ: Մարզպետին զեկուցվել է, որ դեռ նախորդ օրը  մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն աշխատանքներ է տարել մարզի բոլոր համայնքների վնասի չափերը ճշտելու համար: Ըստ նախնական տվյալների վնաս է կրել 18 համայնք, այդ թվում Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր: Վնասվել են բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել: Ձևավորված  են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են համայնքներ և կաշխատեն ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների և վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների հետ: Վնասի չափերը հստակեցնելուց և ամբողջական պատկերն ունենալուց հետո տեղեկատվությունը կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն; Մայիսի 22-ին Շիրակի մարզում  մոտ կես ժամ տևած ուժեղ քամին վնասներ էր հասցրել մարզի տարբեր բնակավայրերի: ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ավելի քան 20 կանչ է գրանցվել:

Lragir.am,
23-05-2020 18:54