Ռուսաստանը Թուրքիայի դեմ բարձրացնում է օդուժը. Մոսկվան կհաղթի՞

Լիբիայի Ազգային բանակ միավորումը, որ գլխավորում է գեներալ Հավթարը, թուրքական անօդաչու սարքերից ստացած ուժգին հարվածից հետո հայտարարել է աննախադեպ ռազմաօդային գործողության մասին: Հավթարի բանակի հրամանատարները հայտնել են, որ լինելու է մինչ այդ չտեսնված օդային գրոհ, որպես ստացած հարվածների պատասխան: Գրոհն ըստ ամենայնի իրականացվելու է ռուսական հարվածային օդանավերով: Ըստ լրատվամիջոցների, որոնք հղում են անում Հավթարի բանակի աղբյուրներին, Ռուսաստանը Սիրիայից Լիբիա է տեղափոխել 6 Միգ 29 կործանիչ եւ 2 Սու 24 գրոհային ռմբակոծիչ: Ռուսաստանը Լիբիայում ստացել է բավական ուժեղ հարված, հաշվի առնելով այն, որ թուրքական աջակցությամբ Տրիպոլիի կառավարական ուժերը խոցել են ռուսական գովական սպառազինությունը: Տրիպոլիի փողոցներով անցկացրել են Պանցիր հրթիռային կայանը, որ խլել են Հավթարի բանակից: Նաեւ տեղեկություն է տարածվել, որ չորս օրում խոցվել է 9 այդպիսի կայան եւ էլի ռուսական սպառազինություն: Այդ սպառազինությունը տնօրինել է Հավթարի բանակը, եւ գուցե ռուսական վարձկանները, որոնք Հավթարի բանակում են, սակայն պարտության ստվերն ընկնում է նաեւ Ռուսաստանի վրա: Մոսկվան հեղինակությունը վերականգնելու խնդիր ունի, ինչն էլ թերեւս փորձում է անել: Սակայն, դրանից բացի կա՞ Հավթարի դիրքերը վերականգնելու եւ նրա հաղթանակին նպաստելու խնդիր: Այլ կերպ ասած, Ռուսաստանը կվերականգնի հեղինակությունն ու կպայմանավորվի՞ Անկարայի հետ, թե՞ կգնա Հավթարի հաղթանակի, այլ կերպ ասած Անկարայի պարտության ճանապարհով: Դա նշանակում է սակայն, որ Լիբիայում կարող է բռնկվել ռուս-թուրքական նոր բախում, ինչպես սիրիական Իդլիբում: Իդլիբում իհարկե կողմերը խուսափեցին երկարատեւ բախումից, մարտի 5-ին Մոսկվայում համաձայնության գալով: Ընդ որում, համաձայնություն, որտեղ Թուրքիան իրեն խաբված է զգում: Բանն այն է, որ Իդլիբի վերաբերյալ համաձայնությունը եղավ մի վիճակում, երբ թուրքական զինուժը անցել էր հակագրոհի, եւ սիրիական բանակը կրում էր կորուստներ, ընդ որում դարձյալ անօդաչուների հարվածերից: Այդ իմաստով տարօրինակ էր, որ Էրդողանը համաձայնեց մեկնել Մոսկվա եւ այնտեղ պայմանավորվել հրադադարի շուրջ: Ընդ որում, հատկանշական էր, որ ռուսական քարոզչությունը ընդգծված ներկայացնում էր, թե ինչպես է Մոսկվայում նվաստացվել Էրդողանը: Ի՞նչ կատարվեց մարտի 5-ին Մոսկվայում: Դրանից հետո համաշխարհային միջավայրն ու ռեժիմը կտրուկ փոխեց կորոնավիրուսը, ըստ ամենայնի ստիպելով փոխել նաեւ հաշվարկները, այդ թվում մարտի 5-ի առնչությամբ: Արդյոք Լիբիայում Անկարան փորձում է Մոսկվային վերադարձնել այդ հաշվարկներին, թե՞ պարզապես փորձում է ռեւանշի հասնել մարտի 5-ի համար: Մի բան անկասկած է, որ ինչ որ հանգամանք կամ ուժ թույլ չի տալիս Մոսկվային ու Անկարային գալ շատ թե քիչ երկարատեւ, կամ գոնե միջնաժամկետ պայմանավորվածության ռեժիմի: Այդ հանգամանքը բխում է Հայաստանի շահից: Քանի որ բացառվում է ռուս-թուրքական երկարատեւ կամ միջնաժամկետ պայմանավորվածություն առանց հայերի համար կենսական նշանակության հարցերի հանդեպ ոտնձգության:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
23-05-2020 22:46