Մանվել Գրիգորյանը վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության

25-05-2020 16:17

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության: Հայցադիմումով Գրիգորյանը պահանջում է պարտավորեցնել նախարարությանը՝ հրավիրել բժշկական հանձնաժողով՝ ֆրանսիական բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու և համապատասխան եզրակացություն տալու համար: «Փաստինֆո»-ն դատալեքս համակարգից տեղեկացավ, որ հայցադիմումը դատարան մուտք է եղել մայիսի 22-ին և նույն օրը մակագրվել դատավոր Արգիշտի Ղազարյանին: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները բազմիցս ահազանգել են, որ Մանվել Գրիգրորյանը չի կարող բժշկական օգնություն ստանալ ՀՀ-ում: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դեռևս ապրիլի 11-ին ասել էր, որ միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ խնդրելով, որ դատարանը դիմի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կապված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ: «Այնքանով, որքանով, որ բժիշկներն ահազանգել են, որ այլևս հնարավոր չէ Գրիգորյանի բուժումը ՀՀ-ում, ընդամենը կոնսերվացնում են վերջինիս հիվանդությունները, պաշտպանական կողմը դիմեց Առողջապահության նախարարին, որպեսզի նա, հիմք ընդունելով բժշկական էպիկրիզները, փաստաթղթերը, տա համապատասխան որոշում կամ եզրակացություն, որպեսզի Գրիգորյանը տեղափոխվի արտերկիր: Իսկ, եթե փաստաթղթերը բավարար չեն, ապա հրավիրի նոր կոնսիլիում: ԱՆ-ն գրություն ուղարկեց, որ, քանի որ գործը գտնվում է դատարանում, դիմեք դատարան: ԱՆ գործողությունը, որ անգամ գերիների նկատմամբ նման բան չեն անում, հրաժարվեց առողջապահական գործողություններ իրականացնելուց՝ պատճառաբանելով, որ գործը գտնվում է դատարանում: Դիմեցինք դատարանին՝ իրազեկելով, որ ԱՆ-ն նման անօրինություն է թույլ տվել և խնդրեցինք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի միջամտություն ցուցաբերի և իր որոշմամբ պարտադրի ԱՆ-ին, որպեսզի վերջինս առողջապահական գործառույթն իրականացնի: Դատարանը հերթական անօրինական գործողությունն իրականացրեց և գտավ, որ այստեղ նա անելիք չունի»,- ասել էր պաշտպանը՝ նշելով, որ դատարանը պաշտպանական կողմին միջնորդությունը մերժելու մասին որոշում չի ներկայացրել, այլ՝ բանավոր կերպով ասել է, որ նա այդտեղ անելիք չունի:: Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Lragir.am,
25-05-2020 16:17