Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան

27-05-2020 20:18

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը համարում է առանցքային ձեռքբերում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությամբ ու ատելությամբ կատարվող հանցանքների կանխման գործում: Այն նաև կարևոր է համաեվրոպական մակարդակում մարդու իրավունքների համակարգի ամրապնդման տեսանկյունից: «Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, արտոնությունների տրամադրումը, պետական ամենաբարձր մակարդակով քաջալերումը, Ադրբեջանի ողջ հասարակության շրջանակում հերոսացումը եղել են էթնիկ դրդապատճառներով (ethically motivated): Ըստ Եվրոպական դատարանի՝ դրա մասին են վկայել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ արտահայտել են իրենց աջակցությունը արարքի կատարման հարցում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձին արձանագրել է ու հաշվի առել Ադրբեջանի օմբուդսմանի՝ Էլմիրա Սուլեյմանովայի խոսքերն այն մասին, որ «Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար»: Իսկ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց անմիջապես հետո Ադրբեջանի օմբուդսմանը հայտարարել էր, որ «Սա նախագահ Իլհամ Ալիևի մարդասիրության և Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հոգատարության հերթական ապացույցն է»: Եվրոպական դատարանը վճռով դատապարտելի է համարել էթնիկական ատելությամբ պայմանավորված սպանություն կատարած անձի ազատ արձակումը և հերոսացումը, որը անպատժելիության մթնոլորտի ձևավորման վտանգավոր խթան է: Ընդ որում, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատ արձակման հարցում ժամանակին մտահոգություն էին հայտնել նաև միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI), ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն: Պետք է հիշել, որ նման դաժանությամբ սպանություն կատարած անձի անխուսափելի պատասխանատվությունը, նրա կողմից պատժի կրումը հստակ նպատակ ունեն կանխելու էթնիկ ատելություն հիմքով նման ոճրագործությունների կատարումը հետագայում: Սակայն նման հանցանքի հերոսացումն ու քաջալերումն ունի վտանգավոր հետևանքներ՝ պարարտ հող ստեղծելով հետագայում ավելի մեծ դաժանությամբ հանցագործությունների կատարման համար: Պետք է ի սպառ վերացնել էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությունն ու ատելությունը: Սա սկզբունքորեն է անթույլատրելի առավել ևս երբ դա խրախուսվում է պետության կողմից: Այս երևույթը վտանգավոր է մարդու իրավունքների համընդհանուր համակարգի տեսանկյունից: Այն կարող է ունենալ խորը բացասական հետևանքներ, որոնց վերացումը կպահանջի երկարաժամկետ ջանքեր: Այսպիսի հետևանք էր Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը: Այս գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ թույլ է տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի խախտում ընթացակարգային տեսանկյունից (2-րդ հոդված), ինչպես նաև խտրականության արգելքի իրավունքը (14-րդ հոդված)՝ զուգակցված 2-րդ հոդվածով: Վճռում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը չի ապահովել իր քաղաքացու նկատմամբ սահմանված պատժի հետագա կիրառումը, ինչը հանգեցրել է ատելության հիմքով կատարված հանցանքի անպատժելիության (impunity for a serious hate crime): Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարգավիճակի առավելագույն գործադրմամբ հետևողական կլինի համընդհանուր մակարդակում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականության և ատելության դեմ պայքարին վերաբերող իրավական սկզբունքների և չափանիշների արդյունավետ կենսագործումը խթանող աշխատանքներին: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ի գիշերը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացներին մասնակցող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի առնվազն տասներկու հարվածներով դաժանաբար սպանել էր քնած վիճակում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, ով դատապարտվելուց հետո մի քանի տարի անց Հունգարիայից արտահանձնվել էր Ադրբեջան, արժանացել էր ներման ու հերոսացվել էր ազգությամբ հայ սպանելու համար: Ռ․ Սաֆարովը, մասնավորապես, ստացել էր մի շարք արտոնություններ՝ բանտում անցկացրած ութ տարվա համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվել էր հրապարակային արարողությամբ:

Lragir.am,
27-05-2020 20:18