Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք՝ չենք հանդուրժելու սպառնալիքն ու ուժի կիրառումը. ԱԳ նախարար

27-05-2020 20:21

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ հայկական կողմը բոլոր մակարդակներում առավել քան պարզ արտահայտվել է, որ չի հանդուրժելու հակառակորդի կողմից սպառնալիքը, ուժի կիրառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մնացականյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող դիվերսիոն գործողություների մասին հարցին: «Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք, որ սպառնալիքը, ուժի կիրառումը չի հանդուրժվելու»,-ասաց Մնացականյանը: Նա վստահեցրեց, որ  հայկական կողմը մշտապես աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և համանախագահների հետ անմիջապես: «Վստահեցնում եմ, որ առավել քան հետևողական է Հայաստանի քաղաքականությունն այն մասով, ինչ վերաբերվում է սպառնալիքի և ուժի կիրառման մերժմանը` այն կոնտեքստում, որ մենք առավել քան պատրաստ ենք դրան արձագանքել»,-ասաց Մնացականյանը: Նա շեշտեց՝ Հայաստանն ունի իր հետևողական քաղաքականությունը՝ բոլոր հարցերով, ինչ վերաբերվում է խաղաղ կարգավորման մոտեցումներին, այն հարցերին, որոնք վերաբերում են մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացում և այն հարցերին, որոնք վերաբերում են համապատասխան միջավայրի ստեղծմանը խաղաղ գործընթացի համար: «Սա ասված է, սա արտահայտված է, սա դիրքորոշում է և հետևողականորեն տարվում է առաջ՝ բոլոր մակարդակներով՝ լինի բուն բանակցային գործընթացը, թե մեր ներգրավումները բազմակողմ, երկկողմ մակարդակներով՝ մեր գործընկերների հետ: Կոպիտ ասած՝ մենք շատ հստակ գիտենք ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք, և կարիք չունենք դրան լրացուցիչ անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,-վստահեցրեց ԱԳ նախարարը:

Lragir.am,
27-05-2020 20:21