Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել. Փաստինֆո

30-05-2020 16:45

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, սակայն դատախազը վերացրել է այն: ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ քննիչի որոշման օրինականությունը ստուգելու արդյունքում հսկող դատախազը պարզվել է, որ կատարվածին ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է իրականացնել քննչական, դատավարական այլ, օպերատիվ-հետախուզական լրացուցիչ գործողություններ: «Հաշվի առնելով, որ վերջնական գնահատականներ հնարավոր է տալ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասաց Աբրահամյանը: Ավելի վաղ հայտնել ենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ՝ վերջինիս կողմից ԱԺ դահլիճում հնչեցրած «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ» արտահայտությունները դիտարկելով որպես ռեալ սպառնալիք: Էդգար Մարուքյանը ֆեյսբուքում, արձագանքելով Սասուն Միքայելյանի նշված հայտարարություններին, նշել էր, որ նա շատ արագ պետք է ներողություն խնդրի և Էդմոնին նման բան ասողն առնվազն *** է: Մարուքյանը տեղեկացրել է, որ դրանից հետո իր հետ սոցցանցով կապ է հաստատել Հարություն անունով անձ, ով ներկայացել է Միքայելյանի համագյուղացի, ընկեր և խնդրել, որ հեռացնել գրառումը: Այնուհետև՝ սոցցանցով իր հետ կապ է հաստատել ևս մեկ անձ, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի եղբոր տղա, հեռախոսով խոսել են, երիտասարդն ընդունել է, որ ինքը Սասուն Միքայելյանին չի հայհոյել: Բայց մայիսի 1-ին Սասուն Միքայելյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Այն, ինչ Էդմոնն է առանց ամաչելու Ալենին ասել այս ամբիոնից,նույն բանն Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով: Երիտասարդ քո մայրն ինձ համար սուրբ է, բայց եթե քո խոսքերի համար ներողություն չխնդրես, գիտեք ես ով եմ իմ խոսքով ու գործով, լավ բան չի սպասվի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս ներողություն խնդրել իմ ծնողի ու Ալենի ծնողից»: Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել էր ՀՔԾ:

Lragir.am,
30-05-2020 16:45