Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանին աջակցելու Վրաստանի պատրաստակամության մասին

30-05-2020 20:07

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը՝ անդրադառնալով  Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանն այն մասին, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում: «Կորոնավիրուսի համաճարակի դեպքերի արձանագրման առաջին օրվանից սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ: Այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում: Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը: Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի»,- ասաց վարչապետը: Նա հավելեց, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է փոխադարձաբար պատրաստակամություն ունենան միմյանց օգնելու: «Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել: Եվ այս ընթացքում մենք մշտապես պետք է միրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետև համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են, ընդհանուր սպառնալիք են: Մենք մեր հարևաններ Վրաստանի, Իրանի և մեր միջազգային գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,- եզրափակեց Փաշինյանը:

Lragir.am,
30-05-2020 20:07