Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. շորթումը բացահայտվել է

01-06-2020 19:13

Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար: Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության: Նախաքննության ընթացքում քննչական բաժնի, ինչպես և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ: Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները պարզեցին անհայտ օգտատիրոջ ինքնությունը` Երևանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր: Մարաշի քրեական հետախույզները օրերս կասկածվողին հայտնաբերեցին, բերման ենթարկեցին բաժանմունք, ապա ներկայացրին նախաքննական մարմնին: Երիտասարդը ձերբակալվեց: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն էին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Lragir.am,
01-06-2020 19:13