Մնացականյանը և Ուենդի Մորթնին պատրաստակամ են նոր լիցք հաղորդել հայ- բրիտանական հարաբերություններին

01-06-2020 19:18

Բրիտանական կողմի նախաձեռնությամբ հունիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազրույցը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորել է Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության մեջ: «Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մարդկանց միջև շփումների խթանման միջոցով: Զոհրաբ Մնացականյանը և Ուենդի Մորթնը մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ինչպես գլոբալ, այնպես ազգային մակարդակներով ձեռնարկվող քայլերի շուրջ: Միաժամանակ նախարար Մնացականյանը վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունն առաջ ընթանալու նախաձեռնված լայնամասշտաբ բարեփոխումներով՝ ուղղված  ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը: Տեսազանգի ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
01-06-2020 19:18