Ֆրանսիայում հիմնական օրակարգը այս դեղն է և սոցիալական խնդիրները, որ սպասվում են

Մեր զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը Տիկին Գործունյան, Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակման տեմպերը կարծես նվազում են: Ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել վիրուսի տարածումը և ինչ ցուցանիշներ են գրանցվում այսօր: Վերջին մի քանի օրերին թվերը չեն հաղորդում, սակայն դրանից առաջ նախարարությունն ամեն օր հայտարարում էր, թե մեկ օրվա կտրվածքով քանի մարդ է վարակվել, քանիսն են մահացել: Հիմա շաբաթը մեկ են ասում թվերը: Ես գիտեմ, որ անցած շաբաթ 2000 մարդ վերակենդանացման բաժանմունքում էր, իսկ ամբողջ Ֆրանսիայում վերակենդանացման բաժանմունքներում առկա է 5 հազար մահճակալ: Իշխանությունները հայտարարում են, որ պետք է կորոնավիրուսով վարակվածների թիվը վերակենդանացման բաժանմունքներում 2500-ից նվազեցնել, որ այլ հիվանդությունների համար էլ ազատ մահճակալներ լինեն: Այս պահին արդեն ասվում է, որ վերակենդանացման բաժանմունքներում կա 1100 մարդ: Նաև նշվում է, որ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների փրկվելու հնարավորությունը 30 տոկոս է, այսինքն 70 տոկոս հավանականություն կա, որ կարող է նրանք մահանան: Այս պահին դեռ մարդիկ են մահանում, որովհետև մարդիկ կան, որ 1,5 ամիս է վերակենդանացման բաժանմունքներում են: Բայց նոր դեպքերի թիվը կտրուկ նվազել է: Իսկ ի՞նչն է պատճառը, որ դեպքերը նվազել են, վիրուսը մարո՞ւմ է: Կառավարությունը հայտարարում է, որ եթե 53 օր տևած խիստ կարանտինը չլիներ, երբ մարդկանց կոչ էին անում տներում մնալ, դուրս չգալ, ակնհայտորեն ավելի շատ դեպքեր կլինեին, և վարակի տարածման թափը չէր կոտրվի: Մենք կարողացանք դուրս գալ այս վիճակից, որովհետև կարանտին եղավ: Մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահը ելույթ ունեցավ և շնորհակալություն հայտնեց մարդկանց, որ հնազանդ եղան և պահպանեցին կարանտինի կանոնները: Թեև հիմա սրճարանները, շատ օբյեկտները բացվում են, բայց նորից իշխանությունը խնդրում է մարդկանց դիմակները կրեն, ձեռքերը լվանան, իրար շատ չմոտենան, պահպանեն հեռավորություն: Ամեն օր ասվում է, որ վիրուսը լրիվ չի նահանջել և դեռ պետք է շատ զգույշ լինել: Դիմակ կրելը պարտադի՞ր է Ֆրանսիայում: Այո, դիմակներ կրում են: Երբ փողոց ես դուրս գալիս, մարդկանց մեծամասնությունը դիմակով է: Առանց դիմակի և ձեռքերը ախտահանելու չես կարող խանութ մտնել, արգելում են: Իհարկե, երիտասարդները մի քիչ ավելի քիչ են դիմակ դնում, բայց միջին տարիքի մարդիկ ու տարեցները բոլորը դիմակ են դնում: Բոլորն էլ վախենում են: Հիմա էլ Ֆրանսիայում սկսվել են սոցիալական խնդիրները, որովհետև շատ մարդիկ կան, որ իրենց գործը կկորցնեն, ընկերություններ կան, որ պետք է փակվեն: Որքան էլ կառավարությունը օգնեց, իրենք չեն կարող շարունակել իրենց աշխատանքը: Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայում երբեք տնտեսական աճի բացասական ցուցանիշ չի եղել, իսկ հիմա կարող է լինել: Հիմա լուրերը մենակ դրա մասին են, վիրուսի մասին արդեն այդքան չեն խոսում: Իսկ չե՞ն ասում, թե որքան ժամանակից հետո հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքի: Մասնագետները նշում են, որ չեն կարող բացառել, որ աշնանը վիրուսի նոր ալիք կգա: Իրենք ցանկանում են զգուշությունն ու վախը պահել ժողովրդի մեջ: Ես չգիտեմ՝ դա ճիշտ է, թե սխալ: Այստեղ խոսում են, որ քանի դեռ պատվաստանյութը չկա, մենք ապահով չենք լինի: Հիմա ֆրանսիացիների 40 տոկոսը չի էլ ցանկանում պատվաստանյութը կիրառել, դրա համար էլ կառավարությունը փորձում է վախ սերմանել, որ երբ պատվաստանյութը հայտնաբերվի, ժողովուրդը ստիպված գնա ու պատվաստվի: Այդ խոսակցությունն էլ կա Ֆրանսիայում: Քանի որ կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլում կառավարությունը շատ ուշացավ, թողեց, որ վարակը տարածվի, մարդկանց մոտ վստահությունը կառավարության նկատմամբ նվազել է: Սկզբում թույլ տվեցին, որ ընտրություններ տեղի ունենան, հետո քանի ամիս հայտարարում էին, թե դիմակ դնելու անհրաժեշտություն չկա, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը գիտեր, որ դիմակ պետք է դնել, իսկ Ֆրանսիան դիմակ չուներ: Դրա համար էլ այսօր իշխանության նկատմամբ վստահությունը նվազել է: Շատերը հարց են բարձրացնում, թե արդյոք վտանգն իրական է, թե իշխանությունը փորձում է վախ սերմանել, որ ժողովուրդը գնա պատվաստվի: Հայաստանում քլորոքլինը փորձարկել են և մասնագետներն ասում են, որ բավականին լավ արդյունքներ կան: Ֆրանսիայում դադարե՞լ են կիրառել: Ֆրանսիայում դա արգելեցին, դրա համար մեծ սկանդալ է հասունացել: Թերթերից մեկը սուտ տվյալներով հոդված հրապարակվեց, որից հետո առողջապահության նախարարն անմիջապես արգելեց քլորոքլինը: Այսօր սկանդալ է, և հարյուրավոր գիտնականներ ամբողջ աշխարհում հաշիվ են պահանջում այդ թերթից, որ սխալ վերլուծություն է հրապարակել, և դրանից հետո նախարարն արգելել է դեղամիջոցը: Այն դեպքում, երբ Իսպանիան, Ալժիրը, Մարոկկոն, Ռուսաստանը օգտագործում են այդ դեղը և լավ արդյունք են ստացել: Ֆրանսիացիները բարկացած են, և ես այն ֆրանսիացիների շարքում եմ, որոնք հավատում են այդ բժշկին ու դեղամիջոցին: Ես համոզված եմ, որ նա ճիշտ է: Այդ դեպքում՝ ինչո՞ւ են արգելում: Ես կարծում եմ, որ այստեղ նյութական մեծ հաշիվներ կան՝ կապված դեղագործության ոլորտում պատվաստանյութ ստեղծելու հետ: Ահռելի մեծ գումարների մասին է խոսքը, իրենք ուզում են նոր  դեղեր ստեղծել, որ դրամ շահեն: Իսկ այս դեղամիջոցը կոպեկներ արժի, իրենց ոչ մի օգուտ չի բերում: Բայց կան մի քանի բժիշկներ, որ ճիշտն են ասում: Արդեն մի քանի փաստաբաններ կան, որոնք կառավարության դեմ դատ են ուզում բացել, որ բժիշկներն իրավունք ունենան հիվանդներին այդ դեղը տալու: Սա ուղղակի խայտառակություն է: Քլորոքլինը հայտնաբերող բժիշկ, պրոֆեսոր Ռաուլտը իրենց շատ է խանգարում, որովհետև ճիշտ խոսող է և չի վախենում խոսել: Ամեն անգամ, երբ նա խոսում է, բոլորը հեռուստաալիքները միայն դրա մասին են խոսում: Այսինքն քաղաքացիներն ուզում են, որ այդ դեղամիջոցն օգտագործվի: Այո, և պրոֆեսոր Ռաուլտին ժողովուրդը շատ է սիրում: Նույնիսկ եղան խոսակցություններ, որ նա ուզում է քաղաքականություն մտնել, բայց ինքը հայտարարեց, որ իրեն քաղաքականությունը չի հետաքրքրում: Նա այնքան մեծ անուն հանեց, որ նույնիսկ քաղաքական գործիչներն սկսեցին վախենալ, որ իրենց մրցակից է հայտնվել: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է աղքատները հնարավորություն չունենան բուժվելու, ինչու անպայման պետք է նոր դեղ ստեղծեն, երբ կա արդյունավետ գործող դեղամիջոց: Ես անձամբ տարիներով այդ դեղն օգտագործել եմև ոչ ոք չի մահացել այդ դեղի պատճառով: Ես գիտեմ, որ Ռուսաստանը, Իսպանիան, Իտալիան, Մարոկկոն, Ալժիրը, Սենեգալը շարունակում են օգտագործել այդ դեղը, միայն Ֆրանսիան է, որ արգելել է այն, այն դեպքում, երբ դրա հեղինակը ֆրանսիացի է: Այն տվյալները, որ ունի այս բժիշկը, որովհետև ինքը բավական ահռելի մեծ հիվանդանոց ունի Մարսելում, ցույց են տալիս, որ Մարսելում մահացողները 5 անգամ պակաս են Փարիզից: Ֆրանսիայում հիմնական օրակարգը այս դեղն է և սոցիալական խնդիրները, որ սպասվում են: Իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը հիվանդանոցներում կտրուկ նվազել է: Երբ ես մեր շենքում բնակվող բժշկին հարցրի, թե արդյոք վտանգավոր չէ, որ թոռնիկս այցելի մեզ, երբ տանը 91 տարեկան մայրս է ապրում, նա պատասխանեց՝ ես բժիշկ եմ, չեմ կարող ասել, թե ընդհանրապես վտանգ չկա, բայց 0,001 տոկոս շանս կա, որ նման բան լինի:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
01-06-2020 21:44