Բաքուն ռազմական հեղաշրջման շեմին

Ադրբեջանը սաստկացնում է ռազմատենչ հռետորաբանությունը, որ հատկապես այդ երկրի պաշտպանական գերատեսչության շրջանակից, արտացոլվելով նաեւ պրոպագանդայի տարբեր հարթակներում: Նկատելի է, որ Բաքվի խիստ որոշակի շրջանակ բավականին ինտենսիվ գեներացնում է ռազմական առավելության եւ «վճռական հարվածի» հասարակական մտայնություն: Բաքուն առանձնապես երբեք աչքի չի ընկել խաղաղասիրական հռետորաբանությամբ, իսկ ժամանակ առ ժամանակ էլ ուժգնացրել է պատերազմականը: Անկասկած, նպատակների մի մասը այդ դրվագների համատեքստում ընդհանուր է, սակայն կան թերեւս նաեւ յուրաքանչյուր ժամանակահատվածի բնորոշ առանձին, նոր նպատակներ ու մոտիվներ: Ընդհանուր նպատակների այսպես ասած կայուն շրջանակը հետեւյալն է: Նախ, ադրբեջանական հանրության «ինքնության» խնդիր: Ադրբեջանն իբրեւ պետություն այդ առումով կառուցված է «ճահճի» վրա եւ այդ երկրի իշխանությունը՝ Իլհամ Ալիեւի պաշտոնամուտից սկսած, չի գտել «ճահիճը» լցնելու առավել հարմար եւ «հավաստի» բան, քան հայերի հանդեպ ատելությունն ու ռազմական «հաղթանակի» սպասումը: Մյուս կողմից, հասկանալի է, որ պարտված այդ  երկրում հազիվ թե հնարավոր լինի գտնել ինքնության այլ հենք, քան ռեւանշը: Միաժամանակ, կա պարզապես հասարակության կառավարման ընթացիկ խնդիր, եւ պատերազմական հռետորաբանությունը ներքին սպառման ապրանք է այդ ավելի կարճաժամկետ տեսանկյունից էլ: Միաժամանակ կա ռազմական շանտաժի արտաքին էֆեկտ ստանալու խնդիրը, հատկապես 2016-ից ու 2018-ից հետո Ադրբեջանի համար խորացած դիվանագիտական փակուղու պայմաններում: Իսկ կորոնավիրուսի հանգամանքը էլ ավելի է սրել խնդիրը երկարաժամկետ առումով, քանի որ աշխարհակարգն այլեւս ոչ թե Արեւմուտք-Ռուսաստան, այլ ԱՄՆ-Չինաստան դիմակայություն-ձեւաչափի գերակայությամբ է, ինչը Բաքվի համար այդքան էլ հաճելի նորություն չէ: Ահա այդ հանգամանքը Ադրբեջանում առաջացնում է թերեւս պատերազմի հռետորաբանության նոր շարժառիթներ, կամ այսպես ասած «հետկորոնավիրուսային» շարժառիթներ: Բաքվում ըստ ամենայնի դիտարկվում է «ռազմական հեղաշրջման» սցենար, որը հասունացնելու նպատակով գեներացվում է քաղաքական ղեկավարության հանդեպ պատերազմի «ներքին պահանջ»: Ադրբեջանի նախագահ Ալիեւը կամ պետք է բավարարի այդ պահանջը՝ իսկ դա նշանակում է ստանձնել պատասխանատվություն ռեգիոնալ աղետի համար, կամ ռազմական վերնախավը կհեռացնի նրան՝ «հաղթանակի անընդունակ գերագույն գլխավորին»: Այդպիսով, Ալիեւի համար «ադրբեջանական ինքնության» իր իսկ հեղինակած բանաձեւը՝ թեեւ հնարավոր է, որ դա պարզապես ներդրված բանաձեւ էր, կաշխատի իր դեմ: Ներդրված բանաձեւ, որով Ադրբեջանի վրա երկարաժամկետ ազդեցության հարցեր կարող էր լուծել Անկարան: Բաքվի ղեկավարության ռազմական թեւում մեծ է հենց թուրքական ազդեցությունը: Այստեղ իհարկե ռուսական հնարավոր հնարքին հակազդելու խնդիրն է, քանի որ ամիսներ առաջ Բաքվում բավականին նշմարվեց ռուսական սցենարը՝ իշխանության փոխանցում Մեհրիբան Ալիեւային, որը դիտարկվում էր իբրեւ ռեգիոնալ թեկուզ հարաբերական կայունության համար ժամանակ եւ տարածություն շահելու հնարավորություն: «Պատերազմի ներքին պահանջի» գեներացիան լուծում է դրա առավել երկարաժամկետ արգելակման խնդիր: Կարճաժամկետ իմաստով Ալիեւի համար դա երկու՝ ռուսական եւ թուրքական սցենարների հավասարակշռման եւ դրա վրա իրադրությունը կառավարելու հնարավորություն է, բայց որքա՞ն կկարողանա Ալիեւը խաղալ այդ երկու լարի վրա: Հայաստանը ռազմական եւ քաղաքական ռեսուրսներով աչալրջորեն պետք է լուծի մի խնդիր, որ Ալիեւը լարի վրայից ընկնի, կամ նրան գցեն ոչ այս կողմ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
01-06-2020 22:25