Դիմակներ կրելու պահանջը կբերի՞ վարակի ավելի արագ տարածման

02-06-2020 11:08

Ամեն օր իշխանությունները խորհուրդ են տալիս դիմակներ կրել: Սակայն տեսնենք, թե ինչի է դա հանգեցնում Հայաստանի պայմաններում: Դիմակներն անհրաժեշտ է փոխել օրական չորս անգամ: Եթե չի կատարվում այդ պայմանը և օգտագործվում է միայն մեկը, ապա օգուտի փոխարեն այն էական վնաս է բերում, քանի որ դիմակը կուտակում է վարակն օրվա ընթացքում և ինքը դառնում վարակի աղբյուր: Երկրում, որտեղ մտցվում է դիմակներ կրելու պահանջը, առաջին բանը, որ պետք է հաշվի առնել, այն է, թե ինչքանով են դիմակները մատչելի բնակչության համար: Այսօր չորս դիմակի միջին գինը ավելի քան 1 դոլար է: Այսինքն՝ ամսական 30-40 դոլար: Քաղաքացիների որոշակի խմբերի համար դա ծանր բեռ է, թոշակառուների բավական մեծ խմբի համար՝ մի ամբողջ կենսաթոշակ, գիտնականների համար՝ աշխատավարձի կեսը և այլն: Ինչպե՞ս է վարվելու մարդկանց մեծ մասը: Ճիշտ է, նրանք կրելու են նույն դիմակը երկար ժամանակ: Այսինքն, մեծամասնությունը վարակվելու ավելի մեծ ռիսկի է ենթարկելու իրեն (և ուրիշներին): Դժվար չէ կանխատեսել, որ տուգանքների սպառնալիքի տակ շատերը դիմակ կկրեն, բայց բացարձակ մեծամասնությունը կրելու է նույն դիմակը ամիսներով: (Չեմ թաքցնի, իմ հարևաններից շատերն ասում են, որ չեն պատրաստվում օրը մեկ դոլար վճարել դիմակների համար): Արդյունքում ի՞նչ ստացվեց: Իսկ ստացվեց այն, որ իրականում իշխանություններն իրենց պահանջներով վարակի տարածում են հրահրում: Հետևություն 1. Պետք է կտրուկ նվազեցնել դիմակների գները: Հետևություն 2. Իշխանությունները չեն կարողանում հաշվարկել իրենց որոշումների նույնիսկ պարզագույն հետևանքները: Մի՞թե իշխանությունների համար դժվար էր հաշվարկել վերը շարադրվածը: Գրիգոր Բարսեղյան Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր

Lragir.am,
02-06-2020 11:08