Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում

02-06-2020 11:40

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում: Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողությունը: Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 19811 արձանագրություն, իսկ հունիսի 1-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1011 դեպք: Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ: Այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ անցակետեր: Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում: Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում: Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է.  պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

Lragir.am,
02-06-2020 11:40