Եվրահանձնաժողովի արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող միայն մեկ ավիաընկերության վրա՝ մեկ ուղղությամբ

02-06-2020 20:56

Այսօր մամուլում տարածվել է տեղեկություն, թե Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն: Մանիպուլյատիվ վերնագրերով այս լուրը քննարկման առարկա է դարձել համացանցում և փորձագետների շրջանում: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան պարզաբանում է ներկայացրել ստեղծված իրավիճակի առնչությամբ: Այսպես, Եվրահանձնաժողովի թարմացրած ԵՄ օդային անվտանգության ցուցակով ԵՄ երկինք մուտք գործելու իրավունքից զրկվել են ընդհանուր առմամբ թվով 96 ավիաընկերություն՝ 16 երկրից: 96 ավիաընկերություններից միայն մեկն է, որ Հայաստանից ավիափոխադրում է իրականացրել դեպի Եվրամիություն: Արգելքի տակ հայտնված ավիափոխադրողը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում միայն մեկ ուղղությամբ՝ Լիոն: Հարկ է նշել, որ այս որոշմամբ Հայաստանը չի զրկվել դեպի Եվրոպա թռիչքներից: Երևանից և Գյումրիից դեպի եվրոպական տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումները շարունակում են իրականացնել «Ryanair», «Aegean», «Air France», «Austrian Airline», «Brussels airlines», «LOT» և «Wizz air» ավիաընկերությունները: Տեղեկատվության ստուգման կենտրոն

Lragir.am,
02-06-2020 20:56