Սա երրորդ համաշխարհային պատերազմն է, որն ընթանում է համաշխարհային օլիգարխիայից ազատագրման համար

02-06-2020 21:48

Մեր զրուցակիցն է Ֆլորենցիայից Հայաստան վերադարձած քանդակագործ Վիգեն Ավետիսը Իտալիայում կորոնավիրուսի վարակը կարծես նահանջում է: Ձեր կարծիքով ո՞րն է այդ հաջողության գրավականը: Ինձ թվում է, որ այս ամենը տեղեկատվական դաշտում է կատարվում: Վիրուսի կազմակերպչական աշխատանքները քաղաքական որոշում են, և Իտալիայի խորհրդարանի որոշ ներկայացուցիչներ արդեն առճակատման են դուրս եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեմ, քանի որ արդեն չափազանցությունների են հասնում արգելանքները: Այս պայմաններում պետությունը պետք է պատասխանատվություն վերցնի և արդեն քաղաքական որոշում կայացնի: Ինձ թվում է, որ սա քաղաքական որոշում է: Աստված տա, որ նաև առողջապահական առաջընթաց լինի: Իհարկե, մարդկանց զգուշությունը տվեց իր արդյունքը: Սա համաճարակ է, և որքան էլ հասարակությունը խուսափի շփումից, այն որոշակի տարածում ունենալու է, բայց սովորական գրիպն անգամ կարելի է կանխատեսել ու պաշտպանվել: Իտալիայի իշխանությունները բավականին լավ կազմակերպեցին համաճարակի դեմ պայքարը, որն իր արդյունքը տվեց, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ սա քաղաքական որոշում էր: Քանի որ ես շատ լավ հիշում եմ առաջին օրերը, երբ համաճարակը համարյա չկար Իտալիայում, մեկ ամիս արդեն համաճարակի մասին տեղեկատվական հարձակում կար քաղաքացիների վրա: Այդ ժամանակ ես այնտեղ էի և տեսա, որ այն աստիճանի էր հասել այդ տեղեկատվական հարձակումը, որ ես արդեն չէի կարողանում հետևել լրատվությանը: 24 ժամ շարունակ խոսում էին այդ վարակի մասին: Այսինքն սա սկսվեց քաղաքական որոշմամբ, և ավարտվում է քաղաքական որոշմամբ: Սա իմ անձնական կարծիքն է: Իտալիայում կորոնավիրուսի նոր ալիք կլինի՞, այս առումով մտահոգություններ կա՞ն այնտեղ: Կբռնկվի, եթե նորից քաղաքական որոշում կայացվի: Ցավոք, այսօր տեղեկատվությունը կարողանում է ղեկավարել հասարակությանը: Այսինքն այսօր 100 տոկոսով ամբողջ աշխարհը գտնվում է տեղեկատվական ղեկավարման փուլում: Սրա ավարտը չգիտեմ երբ կլինի: Կլինի այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը կգան ընդհանուր լուծման: Իմ կարծիքով, այստեղ համաշխարհային թավշյա հեղափոխություն է տեղի ունենում: Սա իմ անձնական նկատառումն է: Ինչպես Հայաստանում մենք թավշյա հեղափոխությամբ եկանք իշխանափոխության և օլիգարխիկ համակարգի ավարտին հասանք, այդպես էլ ամբողջ աշխարհում այսօր թավշյա հեղափոխության միջոցով համաշխարհային օլիգարխիան տապալելու գործընթացն է գնում: Ամբողջ աշխարհի մարդիկ պետք է օգնեն այդ հեղափոխությանը: Ցավոք, բացեիբաց չի ասվում սրա մասին, լավ կլիներ բաց խոսեին, բայց մենք գիտենք, որ օրինակ CNN-ը, այլ համաշխարհային տեղեկատվական ընկերությունները գտնվում են աշխարհի օլիգարխիայի ձեռքին: Հիմա տեղեկատվական բախում է կատարվում երկու կողմերից, հուսանք, որ բարին կհաղթանակի և թավշյա հեղափոխությունը կհասնի նաև աշխարհին: Սա իմ կարծիքով երրորդ համաշխարհային պատերազմն է, որն ընթանում է համաշխարհային օլիգարխիայից ազատագրման համար: Հայաստանն ինչպե՞ս է պայքարում դրա դեմ: Հայաստանն արդեն իսկ իր քայլը արել է՝ թավշյա հեղափոխություն անելով: Դա նույն իրականությունն է, ինչը հիմա կատարվում է համաշխարհային մեծ սեղանների շուրջ: Մենք մեր պետության մեջ այդ փոքրիկ քայլն արել ենք՝ անցում կատարելով օլիգարխիկ համակարգից քաղաքակիրթ աշխարհին: Հայաստանում կորոնավիրուսի վարակվելու դեպքերը, մահերն են շատացել: Ինչպե՞ս եք գնահատում իշխանության քայլերը: Այսօր շատ քիչ երկրներ կան, որ որոշում են իրենց ներքին առողջապահական քաղաքականությունը: Այսօր առողջապահական քաղաքականությունը որոշվում է համաշխարհային կանոնակարգով, կանոնակարգվում է աշխարհի հզոր պետությունների հրամաններով: Այսինքն Հայաստանը ենթարկվում է շատ-շատերի նման: Ասենք, Բելառուսը կամ Շվեդիան չեն ենթարկվում: Կան պետություններ, որոնք առանձին են քայլեր անում: Իսկ ամբողջ աշխարհը ենթարկվում է ԱՀԿ-ի հրամաններին, այդ թվում Հայաստանը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հասարակության մեջ առկա տրամադրությունները, երբ փոխադարձ անվստահություն կա թե միմյանց հանդեպ, թե կորոնավիրուսի հետ կապված հարցերում: Ասում են կորոնովիրուսը սուտ բան է, անգամ կասկածի տակ են դնում վարչապետի վարակված լինելու փաստը: Սա ինչի՞ հետևանք է: Սա հենց տեղեկատվական երկմտանքն է, որովհետև ոչ ոք պարզ չի ասում՝ իրականությունն ինչպիսին է: Մեկը բարդացնում է, մյուսը մեղմացնում: Տարբեր երկրների քաղաքականությունը տարբեր է ու հակասական, հետևաբար մարդկանց գցել են հակասական երկմտանքի մեջ: Դա, կարծում եմ՝ բնական է: Ոչ մեկին չես կարող ստիպել, որ հավատա՝ վարչապետն իրոք հիվա՞նդ է, թե ձևական գովազդ է: Ամեն ինչ հավանական է: Այսօր մենք ապրում ենք տեղեկատվական հարձակումների տակ, և շատ դժվար է ճշմարտությունը միանշանակ հասկանալ: Ամեն դեպքում, սա փորձությո՞ւն է աշխարհի համար: Սա արդեն փորձություն չի, սա գործընթաց է, որի ավարտից կախված է աշխարհի ապագան: Երկու ուժեր պայքարում են իրար դեմ: Եթե հաղթեցին բարի ուժերը, ուրեմն աշխարհը կփոխի իր ուղղվածությունը, կդառնա հոգևոր, մշակույթը կծաղկի, կզարգանա գիտությունը, բժշկությունը և այլն: Այսօր ամեն ինչը մանիպուլյացիայի վրա է հիմնված: Աշխարհն այսօր այդ մանիպուլյացիայից ազատվելու խնդիր ունի: Ասենք, բժշկական, դեղագործական ընկերություններն այնքան էին հզորացել, որ պետություններին ստիպում էին պատվաստանյութեր կիրառել: Օրինակ, Իտալիան իր 70 մլն բնակչության համար շվեյցարական մի մասնավոր ընկերությունից գնում էր այդ պատվաստանյութերը: Դե պատկերացրեք, թե ինչ միլիարդների մասին է խոսքը, որ պետությունը գնում էր ու անվճար ներարկում իր քաղաքացիներին: Ես անձամբ կարող եմ վկայել, երբ հեռուստատեսությամբ բժիշկներն իրենք իրենց պատվաստանյութերն էին գովազդում և ասում, որ պարտադիր բոլորը պետք է դա անեն: Անցավ մի քանի ամիս, մեկ էլ հայտարարեցին, որ դա ոչ մի օգուտ չի տալիս: Այսինքն իրենք իրենց հերքեցին, հետո դատի տվեցին դեղագործական այդ ընկերությանը: Մի խոսքով, սրանք մանիպուլյացիաներ են, որոնց վերջը պետք է գա: Դրանք նույն օլիգարխներն են, ասենք Շվեյցարիայում, որոնք ունեն այդքան մեծ ազդեցություն, որ կարող են ստիպել կամ կաշառել պետությունների: Սա այն է, ինչից մենք կարողացանք ազատվել, սերժաքոչարյանական կլանից, որը ստեղծվել էր ոչ միայն Հայաստանում, այլ ողջ հետխորհրդային տարածքում: Այդ տարածքում ստեղծված այդ արատավոր համակարգից առաջինը Հայաստանը դուրս եկավ: Հիմա դա ընթացքի մեջ է, դեռ մինչև վերջ դուրս չենք եկել: Իմ կարծիքով, ամբողջ աշխարհն այդ գործընթացի մեջ է, թե ինչպես փոխարինեն մի համակարգը մյուսով: Այսօր այս սուտ հասարակարգը, թալանչիների հասարակարգը փորձ է արվում փոխարինել նոր, ճշմարիտ, ազնիվ համակարգով: Բենզինի, նավթի մագնատները 20-րդ դարը քարուքանդ արեցին պատերազմներով, քանի որ ինչքան շատ պատերազմ լիներ, այնքան շատ բենզին, նավթ ու գազ կվաճառվեր, հիմա այդ մագնատների վերջը պետք է գա: Հուսանք, որ դա շուտ կգա, ինչպես դա եկավ Հայաստանում: Ամբողջ աշխարհում նույնը կատարվելու է:

Lragir.am,
02-06-2020 21:48