Միակ դրական միտումն այս ամենի մեջ՝ մենք իմունիտետ ենք ձեռք բերում

Lragir.am-ի հարցերին պատասխանել է «Սուրրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայի տնօրենի մեծահասակ բնակչության գծով տեղակալ, ընտանեկան բժիշկ Հեղինե Պետրոսյանը Տիկին Պետրոսյան, կորոնավիրուսի դեպքերի թվի ավելացմանը զուգահեռ առաջնային օղակը պատրա՞ստ է անցնցում վարելու ասիմպտոմ և թեթև դեպքերի ընթացքը: Ծանրաբեռնվածություն բնականաբար ունենք, քանի որ հիվանդների թիվն ավելացել է: Դրան զուգահեռ մեր պոլիկլինիկայում մեկուսարանների թիվն ենք ավելացրել: Ջերմող ու սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով բոլոր հիվանդները առանձին մուտքով մոտենում են առանձին կահավորված սենյակներ, բժիշկը կատարում է իր հետազոտությունը: Ունենք հինգ մեկուսարան, որից մեկը նմուշառման համար է նախատեսված, Երևանում միայն մենք ունենք նմուշառման սենյակ, այսինքն՝ տեղում ենք կազմակերպում նմուշառումը: Կասկածելի դեպքերի ՝ թոքաբորբերի, հղիների, բուժաշխատողների պարագայում անմիջապես կատարում ենք նմուշառում: Մեր պոլիկլինիկայում ունենք 33 տեղամասային թերապևտներ: Այն տեղամասային թերապևտները, ովքեր չեն գտնվում ռիսկի գոտում, երիտասարդ են, ընդգրկված մեկուսարանում աշխատելու աշխատանքներին: Մեր մասնագետները բավական պատրաստված են այդ աշխատանքներին: Տվյալ պահին դեռ ռեսուրսներ ունենք, որ կարող ենք էլ ավելիին դիմակայել, բայց հետոյի մասին ոչինչ չեմ կարող ասել: Վերջին օրերին հաստատված դեպքերն ու մահերը աճում են, ինչո՞վ է պայմանավորված թվերի աճը, մարդիկ լուրջ չե՞ն վերաբերվում այս հիվանդությանը, թե՞ այլ գործոններ էլ կան: Մի քանի պատճառ կա: Թվերի ավելացման պատճառներից մեկը նմուշառումների ավելացումն է: Եթե նախկինում օրական 100-200 նմուշառում էր կատարվում, այսօր օրական մինչև 1500 է կատարվում: Բնականաբար, թեթև ու անախտանիշ ձևերի նմուշառում էլ է կատարվում, որը թվի ավելացման է բերում: Մյուս գործոնն այն է, որ, ցավոք, մենք ունենք բնակիչներ, ովքեր լուրջ չեն վերաբերվում այս հիվանդությանը, իրենց շփումը չեն սահմանափակում, անհատական հիգիենայի կանոնները չեն պահպանում: Մենք ունենք բնակիչներ, ովքեր գտնվում են կարանտինի ու բժշկական հսկողության տակ, բայց խախտում են կանոնները: Իրենք իրենց պահվածքը այսպես են բացատրում՝ «ես վարակի տարածման աղբյուր չեմ»: Հավանաբար անլրջությունն է պատճառը, որ նման իրավիճակ ունենք: Բայց դրան զուգահեռ, մենք ունենք նաև բազմաթիվ բնակիչներ, ովքեր շատ լուրջ են վերաբերվում այս հարցին և իրենց ինքնամեկուսացման վայրից մեկ քայլ անգամ չեն անում: Մենք տանը հեռախոսազանգերի միջոցով  ենք նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնում, կարիքի դեպքում մեր մեքենաներով մոտեցնում ու տեղում հետազոտում ենք և հաստատված դեպքերը, և կոնտակտավորներին: Մարդիկ գալիս են, նմուշառում ենք վերցնում, իրենց զզուշացնում ենք, որ առաջիկա երկու օրը, նախքան նմուշառման պատասխանն ստանալը, իրենք ինքնամեկուսացման կանոնները չպետք է խախտեն, ներկայացվում է, թե ինչպես պետք է շփվեն տան անդամների հետ: Բայց մարդը կարող է հաջորդ օրը գալ ու հարցնել իր նմուշառման պատասխանի մասին, այդքան զգուշացնելուց հետո: Ասիմպտոմ և թեթև ընթացքով դեպքերի քանի՞ տոկոսն է որպես կանոն վերածվում ծանր դեպքերի: Ասիպտոմ դեպքերի համար գրեթե չկա վիճակագրություն վիճակի վատանալու վերաբերյալ, բայց, իհարկե, կարող են լինել նման դեպքեր: Թեթև ընթացքով դեպքերի 10-15 տոկոսը երկու շաբաթ անց, ըստ միջազգային հետազոտական տվյալների, կարող են բարդանալ: Եվ բարդանալու դեպքում արագ կազմակերպվում է նրանց հոսպիտալացման գործընթացը: Ինչ-որ տեղեկատվություն կա՞, թե ինչ պատճառներով են թեթև դեպքերը միանգամից բարդանում: Այդ հարցի պատասխանն ամբողջ աշխարհում չկա: Բնականաբար, մենք դա կապում ենք նաև իմունիտետի ակտիվացման հետ: Մենք չենք միջամտում իրենց իմունիտետին, իրենք պետք է պահպանեն առողջ սննդակարգը, մենք ասում ենք, որ հնարավորինս շատ հեղուկ, բանջարեղեն օգտագործելը կբարձրացնի իմունիտետը, բայց անհասկանալի ձևով կարող է լինել վիճակի բարդացում, թոքաբորբ: Չկա որևէ ապացուցողական փաստ, թե ինչու է այդպես: Կան նյութեր, որ վիտամին b-ի օգտագործումն ավելացնում է իմունիտետը, որ ավելացնելով վիտամին b-ն, քիչ բարդություններ կունենանք, բայց ապացուցողական փաստ չունենք: Դեռ չկա նման վիճակագրություն, թե ինչը կարող է նպաստել բարդությունների առաջացմանը և ինչը կարող է չնպաստել: Նշեցիք, որ հաստատված դեպքերի ավելացումը կապ ունի շատ թեստավորման հետ: Կարո՞ղ ենք ասել, որ իրականում բնակչության շրջանում այս վիրուսն ավելի տարածված է, քան իրական թվերն են, և որքան շատ թեստ իրականացնենք, այնքան շատ դեպք կհայտնաբերվի: Բնականաբար, անախտանիշ դեպքերն իրենք էլ չգիտեն, որ հիվանդ են: Չհետազոտվելով՝ իրենք չեն իմանա, որ վարակ ունեն: Օրինակ՝ ինչո՞ւ է Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը շատ, բայց մահացությունը ցածր: Պատճառն այն է, որ մեծ թվով նմուշառում է իրականացվում այն մարդկանց շրջանում, ովքեր գանգատ չունեն: Իսկ հիվանդացությունը Հայաստանում ձեր կարծիքով որ փուլում է: Կարծում եմ՝ դեռ վաղ է հիվանդության պիկի մասին խոսելը, մի փոքր ժամանակ պետք է անցնի, և ըստ թվերի կհասկանանք, թե որ պահին ենք պիկին մոտեցել: Այս պահին, քանի որ մեզ մոտ դեռ թվերի աճ է նկատվում, չենք հասել պիկին: Այն պահին, երբ կունենանք թվերի նվազում, իրավիճակի վերաբերյալ պատկերացում կկազմենք: Աշնանը կարող է նորից պիկ լինել, քանի որ աշնանը ունենում ենք եղանակի փոփոխություն, շատ փակ տարածքներ: Դա կարող է նպաստել վարակի նոր բռնկմանը: Բայց մեկ դրական միտում կա այս ամենի մեջ՝ մենք իմունիտետ ենք ձեռք բերում: Մենք հիմա կոլեկտիվ իմունիտետ ձեռք կբերենք: Եվ որքան այդ կոլեկտիվ իմունիտետը բարձր լինի, շատ ավելի լավ է, որ դա ամռան ամիսներին լինի: Այն, որ մարդիկ մեկուսացվեցին հյուրանոցներում, տարբեր բուժհիմնարկներում, դա ձգձգեց պրոցեսը, մենք պատրաստ եղանք այս իրավիճակին: Հիմա էլ կունենանք կոլեկտիվ իմունիտետ, իսկ եթե տվյալ օրգանիզմում արդեն լինեն հակամարմիններ, բնակականաբար կոնտակտի պարագայում նա չի վարակվի: Միակ դրականը սա է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
02-06-2020 23:32