Տաթեւիկ Ռեւազյանը չի տիրապետել, թե անցյալում ինչ է տեղի ունեցել, եւ չի վերահսկել: Իր մեղքը միայն դա է. Ժողովուրդ

03-06-2020 08:17

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 2-ի թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սեւ ցուցակում: Սա նշանակում է, որ հայկական ավիաընկերություններին կարգելվի թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա: Ի դեպ, թռիչքների այս արգելքը վերաբերում է նաեւ չարթերային թռիչքներին, այսինքն՝ ամռանը որեւէ ավիաընկերություն, եթե գրանցված է Հայաստանում, չի կարողանալու թռչել Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա կամ այլ հանգստի վայրեր: Հիշեցնենք, որ ի սկզբանե ժամանակավորապես սահմանափակվել էր թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը՝ հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Սակայն, ինչպես պարզ դարձավ երեկվա հայտարարությունից, ըստ էության, աշխատանքները պատշաճ չեն կատարվել, որի հետեւանքով էլ մեր ավիաընկերությունները հայտնվեցին սեւ ցուցակում: Ի վերջո, ո՞րն է այս իրավիճակի խորքային պատճառը, ինչո՞ւ հասանք այս օրվան, ո՞վ կամ ովքե՞ր են ոլորտի պատասխանատուները, եւ ի՞նչ հետեւանքներ կարող են լինել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ: «Խախտումները վերաբերել են թռիչքային անվտանգությանը, եւ դա վաղուց է գալիս՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներից», նկատեց նա: Պետրոսյանի խոսքով՝ վաղուց զգուշացված է եղել այս ամենի մասին, եւ սրանք «ֆեյք» ավիաընկերություններ են: «Տաթեւիկ Ռեւազյանը չի տիրապետել, թե անցյալում ինչ է տեղի ունեցել, եւ չի վերահսկել: Իր մեղքը միայն դա է: Իրականում իրավապահ մարմինների գործն է՝ ինչպես են այս ավիաընկերությունները գրանցվել ու գործել»:

Lragir.am,
03-06-2020 08:17