Հայերը ճնշման տակ․ ամենուր վատ է, եւ ավանդական «թռնելու ժամանակն է»-ն չի աշխատում

Դանիել Իոաննիսյանն ամեն ինչ ստուգել է ու հայտնել, որ մեկ միլիոն մարդու հաշվով Հայաստանը կորոնավիրուսից մահվան տեմպերի աճի թվով առաջին տեղում է աշխարհում, իսկ վարակվածների աճի տեմպով՝ հինգերորդը: Նա դա համարում է իշխանության լիակատար ձախողումը: Նախկին իշխանության ներկայացուցիչները պահանջում են երկու շաբաթով փակել սահմանները եւ կոչ անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ՝ հայտարարելով, որ նա իր առաքելությունը կատարել է: Տարբեր տեղերում բողոքներ են առաջանում: Օրինակ, երեկ շուկաներից մեկի առեւտրականները, որն ուզում էին փակել, ասել են, որ կհեռանան, եթե իրենց վճարեն օրական եկամուտը: Հայաստանն արդեն 100 միլիարդ դրամ է ծախսել կորոնավիրուսի դեմ պայքարում եւ դեռ հայտնի չէ՝ արդյոք ռեսուրսները կբավարարեն նոր կարանտինի համար: Իսկ առանց դրա հնարավոր չի լինի․ աշխարհը բացվում է, եւ կարող է պարզվել, որ Հայաստանն անհուսալիորեն հետ է ընկել՝ չխոսելով արդեն մահերի քանակի մասին: Վրաստանը, օրինակ, քաղաքավարի հրաժարվել է բացել Հայաստանի հետ սահմանը մեծ թվով վարակակիրների պատճառով: Բայց ամենավատն այն է, որ երկրում խուլ դժգոհություն է աճում: Նման դեպքերում հայերը սովորաբար հեռանում էին, իսկ հիմա սահմանները փակ են, եւ աշխարհում իրավիճակը թույլ չի տալիս «թռնել»: Բեգլար Փիլավջյանը, որը ոսկերչական կենտրոն ունի Լոս Անջելեսում, եւ նրա թիմը զենքը ձեռքին պաշտպանվում են ԱՄՆ-ում սկսված անկարգությունների ժամանակ: Փիլավջյանը հայ ներգաղթյալ է Լիբանանից: Նրա համար նորմալ է, երբ էթնիկ համայնքը զենքով է պաշտպանում իր տունն ու բիզնեսը: Մերձավոր Արեւելքում պատերազմը շարունակվում է, եւ Սիրիայում հայկական աշխարհազորը շարունակում է պաշտպանել իր թաղամասերն ու գիշերել Հալեպի բլոկպոստերում: Եվրոպան էլ առանձնապես բարեհաճ չէ Հայաստանի նկատմամբ: «Ընդդիմությունը» պնդում է, որ պետական վատ կառավարումը Հայաստանին զրկել է թեւերից՝ ԵՄ-ն արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները իր տարածք՝ մտցնելով սեւ ցուցակ: Գեղարքունիքի մարզում, որն աշխատանքային միգրանտների թվով առաջատարն է, ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը, որովհետեւ տղամարդիկ տանն են մնացել: Նրանք, ովքեր Ռուսաստանում են մնացել, փողի են սպասում Հայաստանից: 2020 թվականի առաջին եռամսյակում 2019 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի քաղաքացիների ստացած տրանսֆերտները նվազել են 9․68%-ով եւ կազմել 353․56 միլիոն դոլար: Ընդ որում, Ռուսաստանից տրանսֆերտները նվազել են 15․98%-ով, իսկ մարտին նվազումը կազմել էր 28․15%: Մարտին Հայաստանից ԱՄՆ ու այլ երկրներ փոխանցված միջոցների ծավալը կրճատվել է, իսկ Ռուսաստան փոխանցումներն աճել են 32․06 տոկոսով եւ կազմել 36․04 միլիոն դոլար: Թռնելու տեղ չկա, պետք է նստել ու մտածել ինչպես դուրս գալ փակուղուց:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
03-06-2020 09:11