Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

03-06-2020 10:16

Արդարադատության նախարարությունը, նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում, գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու՝ ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ էլեկտրոնային տարբերակով: Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան ընդունվում են մոտ տասը հազար դիմումներ՝ ընտանեկան կարգավիճակի տրամադրման համար, և այս դիմումների ընդունումը էլեկտրոնային ձևաչափով հնարավորություն կտա դիմող անձանց այլևս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը, վարույթը ավարտելուց հետո, կներկայացվի էլեկտրոնային ձևաչափով: Համակարգ մուտք գործելու համար կարող եք օգտվել այս ուղեցույցից: Իսկ թե ինչպե՞ս հարթակի միջոցով ստանալ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք՝ կարող եք տեղեկանալ այս ուղեցույցից: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Lragir.am,
03-06-2020 10:16