Պարեկային ծառայություն կստեղծվի ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության փոխարեն. նախագիծն ընդունվեց

03-06-2020 10:46

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով: Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ, այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով, ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, իրկանացնելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:

Lragir.am,
03-06-2020 10:46