Սա կլինի նաև իրավաքաղաքական գնահատական 1991-ից մինչ այսօր տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ

Մեր զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Շրջանառության մեջ է դրվել Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը: Արդեն նշվում է, որ հանձնաժողովն ուսումնասիրելու է կեղծված ընտրությունները, դրանց հաջորդած քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, զանգվածային ունեզրկումների և խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը: Անցումային արդարադատության մեկնա՞րկն է: Անցումային արդարադատությունը որպես գործընթաց մեկնարկել է շատ ավելի վաղ, երբ ընդունվեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին աջակցություն տրամադրելու հարցը, նախաձեռնվեցին բարեփոխումներ, նախաձեռնվեց այդ հարցի վերաբերյալ լսումներ, նախաձեռնվեց Փաստահավաք հանձնաժողովի մասին նախագիծը: Սա գործընթաց է, մեկ քայլանի գործողություն չի: Փաստահավաք հանձնաժողովի ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկելու է 1991-2018 թվականները: Ընդհանրապես ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ հանձնաժողովը: Ես շատ հանգամանալից ներկայացրել եմ, թե ինչ եղանակներ կան անցումային արդարադատության շրջանակներում այսպես կոչված Ճշմարտության և համերաշխության (Truth and Reconciliation) հանձնաժողովների ձևավորման և գործունեության հետ կապված: Պետք է հասկանանք, թե ինչ մոդել ենք ընտրում, այդ ժամանակահատվածում թիրախավորումը լինում է ընդհանուր պատկե՞րը, թիրախավորումը լինում է որոշակի գործերի՞ վրա, որոնք էական ազդեցություն են ունեցել երկրի զարգացման վրա, թե՞ մենք կենտրոնանում ենք որևիցե այլ մեթոդաբանության վրա: Սրանից է կախված լինելու ինչ խորքայնությամբ, ինչ ժամանակահատվածում, ինչ եղանակով այդ հանձնաժողովը հնարավորություն կունենա կատարել իր աշխատանքը: Այդ հարցերի մի մասին վերջնական պատասխան կարելի է տալ այն ժամանակ, երբ այդ հանձնաժողովը ձևավորվի: Մյուս մասին հնարավոր կլինի պատասխան տալ միայն այն ժամանակ, երբ հանձնաժողովն սկսի գործունեություն ծավալել և որոշակի արդյունքներ ունենա: Որևէ պատգամավոր ներգրավված չի լինելու այդ հանձնաժողովում, բացառապես լինելու են դրսից մարդիկ: Սա ինչպե՞ս եք գնահատում: Այդ խմբի կազմում պետք է ներառված լինեն այնպիսի անձինք, որոնց հեղինակությունը որևէ մեկի կողմից կամ հանրության ճնշող մեծամասնության կողմից կասկածի տակ չի դրվի, որովհետև, ի վերջո, այդ անձանց հեղինակությունից է կախված նաև այդ հանձնաժողովի գործունեությունը և դրա արդյունքում ընդունված որոշումների ճակատագիրը: Այս տեսանկյունից քաղաքականացված, քաղաքական դաշտի այս կամ այն սպեկտրը ներկայացնող անձանց ներգրավելը այդ հանձնաժողովում կարող է վտանգավոր լինել: Իսկ որքա՞ն է լինելու այդ հանձնաժողովի արդյունավետությունը, որովհետև արդեն իսկ կասկածներ և հարցադրումներ են հնչում, թե արդյոք այդ հանձնաժողովը լինելու է փաստեր արձանագրող, թե նաև լուծումներ տվող: Տրամաբանությունը հետևյալն է. այդ կարգի հանձնաժողովները ստեղծվում են ոչ այնքան անցյալի դասերին գնահատական տալու համար, որքան պարզելու համար, թե ինչ է եղել անցյալում, եղելությունը հանրությանը մատուցելուն և համապատասխան հետևությունների հանգելուն, և դրանով իսկ հասարակության համերաշխությունը վերականգնելուն: Բացի դա, եթե հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ գան այնպիսի փաստեր, որոնք առերևույթ իրենցից ներկայացնում են հանցավոր արարքներ, ապա այդ հանձնաժողովը պարտավոր է լինելու այդ տեղեկատվությունը փոխանցել իրավապահ մարմիններին, իսկ իրավապահ համակարգն էլ պետք է դրանցով զբաղվի: Այսինքն, չի կարելի ասել միանշանակ, որ այդ հանձնաժողովը լինելու է միայն նորագույն պատմությունը կերտող դասագրքի մի հատված գրող կառույց, որովհետև ի վերջո, այդ բացահայտումների արդյունքում կարող են ի հայտ գալ նաև այնպիսի դեպքեր, որոնք քրեական հանցագործության տարրեր են պարունակում և դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Բայց նաև չի կարելի այդ հանձնաժողովին վերապահել նաև արդարադատություն իրականացնելու լիազորություններ, որովհետև այդ արդարադատությունը որոշակի առումով կլինի հակասահմանադրական: Իրավապահների համար հիմք կհանդիսանա՞ն, օրինակ, նրանց արձանագրած խախտումները, ընտրակեղծարարությունները և այլն: Իրավապահների համար ցանկացած իրավախախտման վերաբերյալ հաղորդում, այդ թվում լրատվամիջոցների միջոցով, կարող է հիմք հանդիսանալ համախպատասխան քրեական հետապնդում հարուցելու համար: Այսինքն այս մարմինը չի կարող բացառություն լինել: Այս մարմնի գործունեությունը ոչ պետք է թերագնահատել, ոչ գերագնահատել: Սա անցումային արդարադատության համատեքստում կարևորագույն, բայց միակ էլեմենտը չէ: Իր ամբողջ նպատակը հետևյալն է՝ վեր հանել եղելությունը, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, դրա արդյունքում տալ գնահատական և հարթակ ստեղծել հանրության մեջ համերաշխությունը վերականգնելու համար: Ըստ էության սա կլինի նաև քաղաքական գնահատական, այն, ինչ ձեզնից պահանջում է հասարակությունը: Սա կլինի նաև իրավաքաղաքական գնահատական 1991-ից մինչ այսօր տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
03-06-2020 13:27