Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց բժիշկների օրհնության կարգ

03-06-2020 19:44

Հունիսի 3-ին Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ: Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը: Սուրբ առաքյալը համարվում է բժիշկների հովանավորն ու բարեխոսը: Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանները Սուրբ Ղուկաս Ավետարանչի բարեխոսության հայցով իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված համավարակի դժվարին պայմաններում իրենց աստվածահաճո ծառայությունը բերող բժիշկների ու բուժաշխատողների պահպանության, անվտանգության և անձնվեր գործունեության արդյունավորման համար: Արարողությանը ներկա էին մի շարք բժշկական հաստատությունների ղեկավարներ, բժշկական կենտրոնների COVID-19 կլինիկաների պատասխանատուներ և բժիշկներ: Օրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց համայն մեր ժողովրդին և ի մասնավորի բժիշկներին ու առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին:

Lragir.am,
03-06-2020 19:44