Իսկ սարսափը դեռ տարածվում է, ով է պատասխան տալու

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ակնհայտ սպառնալիք կա, եթե այն չկանխվի, կդառնա ավերիչ: Այդ հայտարարությունն առցանց ճեպազրույցի ընթացքում արել է առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները շարունակում են ասուլիսներ տալ, համաշխարհային իրավիճակի համար պատասխան տալու փոխարեն: Պատասխան, թե ինչու եւ ինչպես հնարավոր չեղավ սահմանափակել համաճարակը: Մի բան, որ տեղի էր ունենում ԱՀԿ այսպես ասած «մասնագիտական» ուղեկցությամբ, երբ այդ կառույցի պաշտոնյաները հայտարարում էին, թե պանդեմիայից ավելին է ինֆոդեմիան եւ այն պետք է կանխվի: Երբ աշխարհն արդեն գործ ուներ պանդեմիայի հետ, ԱՀԿ պաշտոնյաները իրենց հակասական, իրարամերժ հայտարարություններով սկսեցին արդեն սնուցել ինֆոդեմիան: Փաստորեն շարունակում են անել դա: ԱՀԿ-ն կանգնած է պատասխանատվության լուրջ խնդրի առաջ, որ բարձրաձայնել է Միացյալ Նահանգները եւ որին կարող են միանալ բազմաթիվ այլ երկրներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս հայտարարեց, որ Վաշինգտոնը լիովին խզում է կապն ԱՀԿ հետ, որովհետեւ կազմակերպությունը չի ընդառաջել վերափոխումների հորդորներին: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ֆինանսավորումը դադարեցնելու մասին, մինչեւ կավարտվի Սենատի քննությունը, թե ԱՀԿ-ն որքանով առնչություն ունի վարակը բաց թողնելու հետ: Փաստորեն, մինչ քննությունը կավարտվի, ԱՄՆ նախագահը կայացնում է հարաբերությունը խզելու որոշում, հայտարարելով, որ ֆինանսները կուղղեն համաշխարհային առողջապահական կարիքներին: Իսկ դրանք քիչ չեն: Միայն 2019-ին ԱՄՆ ԱՀԿ-ին հատկացրել էր 400 միլիոն դոլար: ԱՀԿ ղեկավարության համար սակայն ներկայում խնդիրը կարող է լինել ոչ թե փողը, այլ թերեւս սեփական ազատությունը փրկելը: Միջազգային տրիբունալի հեռանկարը այնքան էլ անորոշ չէ, որքան համաճարակի վերաբերյալ ԱՀԿ այսպես ասած ռեկոմենդացիաները: Թեեւ, դրանցում իհարկե մի որոշակի բան այդուհանդերձ կար՝ համաշխարհային խուճապի եւ հոգեխանգարմունքի տարածմանը նպաստելը: Ընդ որում, այդ հանգամանքը ընդունել է հենց նույն կառույցի հոգեբանական դեպարտամենտի ղեկավարը, որը շաբաթներ առաջ ՄԱԿ ներկայացված զեկույցում նշել էր, որ կտրուկ աճելու են մարդկության հոգեբանական, հոգեկան խնդիրները: Այն, որ համաճարակը կարող է ունենալ երկրորդ ալիք, խոսում են բոլոր մասնագետները: Ըստ այդմ խնդիրն է դրան պատրաստ լինելը: Բայց արդեն թերեւս կասկածից վեր է, որ ԱՀԿ կոչվող կառույցն ի վիճակի չէ աշխարհը պատրաստել որեւէ մարտահրավերի արդյունավետ դիմագրավման: ԱՀԿ-ն այդ իմաստով վերածվել է գոյություն ունեցող աշխարհակարգի անարդյունավետության «իրեղեն ապացույցի»: Պետությունները երկրորդ ալիքի պետք է պատրաստ լինեն առաջինի ընթացքում ձեռք բերած փորձով: Իսկ ԱՀԿ ղեկավարությունը Գեբրեյեսուսի գլխավորությամբ պետք է պատասխանի ոչ թե լրագրողների, այլ քննիչների եւ դատախազների հարցերին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
03-06-2020 19:38