Վարչապետը քաղաքացիներին հորդորում է միանալ վերահսկողության ֆլեշմոբին

03-06-2020 20:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ հանրային վերահսկողության գործընթացին և ֆեյսբուքյան էջերում տեղադրել հակահամաճարակային կաննոների խախտման մասին փաստեր, լուսանկարներ: Այդ մասին վարչապետը նշեց պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ: «Երեկվանից մեզ հաջողվեց հասկանալ մեր խնդրի ծավալը և շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնք ի հեճուկս աղմուկ աղաղակին՝ մասնակցեցին հանրային վերահսկողության ֆլեշմոբին: Ես համարում եմ, որ մեզ հաջողվեց իրականացնել մի փոքրիկ մինի հեղափոխություն և տեսանք կարգապահության առնվազն տեսանելի որոշակի փոփոխություն: Մտադիր եմ շարունակել այդ գործընթացը և ամեն օր իմ ֆեյսբուքյան էջում կլինի լայն անդրադարձ դրան: Կոչ եմ անում քաղաքացիներին ամեն օր որոշակի ժամանակ տրամադրել հանրային վերահսկողությանը: Կարող եմ ասել, որ սրանով սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը», ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ հաղորդակցություն կապահովվի ոստիկանության և առողջապահական համակարգի հետ: «Պետք է ծավալներն այնքան վերահսկելի դարձնենք, որ ոստիկանությունը կարողանա իրականացնել այդ աշխատանքի նվազագույն տոկոսը: Միացեք հանրային վերսհսկողության թիմին, ձեր ֆեյսբուքյան էջում հրապարակեք խախտումները կամ ուղարկեք ինձ՝ ես կհրապարակեմ»,- ասաց վարչապետը: Անդրադառնալով հանրային վերահսկողության ֆլեշմոբին՝ վարչապետը նշեց, որ դրա պատճառը եղել է այն, որ պետական մարմինների զեկույցներն իրեն չեն բավարարել: «Այդ իսկ պատճառով էլ դիմեցի ամենավստահելի մեթոդներից մեկին, որպեսզի հանրությունը բացահայտի հակահամաճարակային կանոնների չպահպանման դեպքերը: Արդյունքում՝ բացահայտվեց հրեշավոր իրականություն, որ ՀՀ-ում գործ ունենք կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ: Ըստ էության, այս իրավիճակում ընդունված է և առաջին ռեակցիան այն է, որ պետք է քննադատության ենթարկել ոստիկանությանը, բայց իրավիճակի ուսումնասիրության արդյունքում արձանագրեցինք, որ գործ ունենք հեղափոխության ժամանակ հաստատված հայելային պատկերի հետ: Ոստիկանության գործողությունը կարող է լինել էֆեկտիվ, բայց եթե մեծամասնության կողմից չի պահվում, սա դուրս է գալիս վերահսկողությունից»,- նկատեց վարչապետը:

Lragir.am,
03-06-2020 20:24