Նախորդ օրվա ընթացքում ոստիկանությունը կազմել է 931 վարչական իրավախախտման արձանագրություն

03-06-2020 20:46

Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն, որոնցից  931-ը՝ նախօրեին: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը: «Արձանագրությունները հիմնականում քաղաքացիների կողմից դիմակ չկրելու, վարորդների կողմից դիմակ չկրելու, փողոցում դիմակի առկայության բացակայության, կանգառներում դիմակ չկրելու, վարորդների և ուղեւորների կողմից դիմակ չկրելու փաստերով են կազմվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ոստիկանապետը: Արման Սարգսյանը նշեց, որ ամենօրյա ռեյդեր են իրականացվում, տեղադրվում են շարժական անցակետեր, որոնց միջոցով ոստիկանները ստուգում են դիմակի առկայության, կրելու դեպքերը ու արձանագրում խախտումները: Ոստիկանությունը ռեյդեր է անցկացնում տեսչական մարմնի հետ համատեղ աշխատելով, անհրաժեշտության դեպքում կրկնակի ստուգում՝ խախտումը արդյոք վերացվել է, թե ոչ: Արման Սարգսյանը նշեց, որ այդ գործին ոստիկանությանը օգնում էն նաեւ պետական այլ մարմինների աշխատակիցներ: «Ոստիկանության ստորաբաժանումների հետ իրականացվում են իրազեկման աշխատանքներ պարետատան պահանջները հստակորեն և անշեղորեն կատարելու ուղղությամբ: Բացի այդ՝ որոշակի խնդիրներ են ստեղծվում հոգեհանգիստների ու հուղարկավորությունների ընթացքում, ինչպես բոլորին հայտնի է, ոստիկանության կարգախմբերը նաև ծառայություն են իրականացնում այս վայրերում: Կրկին քաղաքացիներին կոչ ենք անում հետևել կանոններին և չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են առաջացնել իրավական հետևանքներ»,- ասաց նա:

Lragir.am,
03-06-2020 20:46