Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին

03-06-2020 21:59

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու Գագիկ Խաչատրյանը հայցադիմում են ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանի գործարար որդիները պահանջում են պարտավորեցնել վարչապետի աշխատակազմին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 2-ին ու մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հայցադիմումի առարկան ՀՀ վարչապետի անունից մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն է: «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն»,- ապրիլի 28-ին հայտարարել է Մանե Գեւորգյանը: Ընդդեմ Վարչապետի աշխատակազմի հայցադիմում են ներկայացրել Գագիկ Խաչատրյանը եւ նրա գործարար որդիները՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները:

Lragir.am,
03-06-2020 21:59