Իսրայելի նոր հրթիռները կուղղվե՞ն Արցախի դեմ

Իսրայելական Israel Aerospace Industries կոնցեռնը պաշտոնակապես հայտնել է LORA (Long-Range Artillery Weapon System) օպերատիվ-մարտավարական հրթիռի հաջող փորձարկման մասին, գրում է The Jerusalem Post-ը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանն առաջին ու միակ երկիրն է, որին Իսրայելը մատակարարել է այդ հրթիռային համալիրները: Պարզվում է, Ադրբեջանի զինված ուժերը LORA համակարգերն ստացել են 2018 թվականին: Փաստորեն, 2018 թվականին իսրայելական ընկերությունն Ադրբեջանին մատակարարել է հրթիռներ, որոնք փորձարկել է միայն 2020 թվականին: Նոր հրթիռներն ունեն մի փոքր այլ բնութագրիչներ, բայց արդյո՞ք ընկերությունը ցանկացել էր իր հրթիռները փորձարկել «դաշտային պայմաններում», որի համար էլ որոշել է անհամաչափ մահացու զենքն ուղարկել Հայաստանի հետ պատերազմող երկրին: 2017 թվականին մեծ սկանդալ էր բռնկվել՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում իսրայելական անօդաչու սարքերի կիրառման հետ: Maariv-ը հրապարակել է հոդված, որում պնդել էր, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունն իր ապրանքի արդյունավետությունը ցույց է տվել՝ հարվածելով Ղարաբաղում հայերի դիրքերին: Այսինքն, հարվածել էր հայկական թիրախներին: Maariv-ը հիշեցրել է, որ ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության կանոնների, սպառազինության իսրայելական մատակարարներն իրավունք չունեն ուղիղ կամ անուղղակի մասնակցել այլ երկրների տարածքում ռազմական գործողությունների, եթե չկա պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարությունը, որը տրվում է շատ հազվադեպ: Ռազմական արտադրանքի փորձարկման ժամանակ, ըստ հրապարակման, ադրբեջանական կողմը խնդրել է պայթուցիկով զինված անօդաչու սարքն ուղղել հայկական դիրքերի կողմ: Aeronautics Defense Systems-ը, իր հերթին, կտրականապես հերքել է այդ պնդումները՝ հայտարարելով, որ ընկերությունը երբեք չի թեստավորում իր արտադրանքը կենդանի թիրախների վրա: Ընկերության ներկայացուցիչները չեն հերքում, որ հայկական դիրքերին հարված հասցվել է, ի հեճուկս իսրայելցի օպերատորների առարկությունների եւ գնորդի նախաձեռնությամբ: Ինչպես գրում է Maariv-ը, օպերատորները մի քանի անգամ հրաժարվել են կատարել ադրբեջանական կողմի պահանջները, անգամ սպառնալիքներից հետո: Այդ ժամանակ դրոնների կառավարումն իրենց ձեռքն են վերցրել ընկերության մենեջերները՝ փորձնական թռիչքն ավարտին հասցնելով հայկական դիրքերին հարվածով: Ապրիլյան պատերազմի ժամանակ կիրառվել են անօդաչու-կամիկաձեներ, որոնք «հակամարտությունների պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2016 թվականին», – գրել են ռուսական լրատվամիջոցները: Այդ դրոնը իսրայելական Israel Aerospace Industries ընկերության Harop սարքն էր, իսկ համացանցում հայտնվել է նաեւ տեսանյութ, թե ինչպես է դրոնը գրոհում հայկական դիրքերը: Դրոնը խոցել է ավտոբուս, որի հետեւանքով 9 մարդ է զոհվել: Հիմա Իսրայելը փորձարկում է զենք, որը 2 տարի առաջ մատակարարել է Ադրբեջանին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
03-06-2020 21:53