Ունենք իրողություն, որ Հայաստանում ընդդիմադիր գործունեությունը նույնացվում է նախկիննների, հակահեղափոխության հետ

Մեր զրուցակիցն է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Դուք հայտարարել եք, որ Ձեր հիմնադրած «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունը կուսկացություն դառնալուց հետո գործելու է ընդդիմադիր դաշտում: Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի պակաս չկա ինչպես խորհրդարանում, անպես էլ խորհրդարանից դուրս: Այդ պայմաններում մտավախություն չունե՞ք, որ կարող եք դառնալ ընդամենը հերթական կուսակցությունը: Նոմինալ առումով, այո, ընդդիմադիր ուժերի պակաս չկա, եթե չասենք, որ կա ավելցուկ: Բայց խնդիրը պետք է դիտարկել ոչ թե քանակական, այլ որակական, բովանդակային հարթությունում: Խորհրդարանում մենք ունենք ընդդիմադիր ուժեր, որոնք, ցավով եմ ասում, տապալել են իշխանությանը հակակշիռ լինելու իրենց առաքելությունը: Մենք անցած երկու տարիներին խորհրդարանում գործնականում չենք տեսել գաղափարական, ծրագրային բանավեճեր, քննարկումներ, որոնց նպատակը կլիներ իշխանությանը ավելի լավ, ավելի արդյունավետ աշխատանք պարտադրելը, բարեփոխումների իրականացմանը դրդելը: Փոխարենը մենք Ազգային Ժողովում տեսել ենք կեղծ օրակարգեր, օրակարգեր, որոնք ուղղակի կամ անուղղակի սպասարկել են արտախորհրդարանական ուժերի, նախկին իշխանությունների շահերը: Իսկ դա նշանակում է, որ մեր քաղաքական բանավեճն այդպես էլ դուրս չի եկել ներկայի ու անցյալի անպտուղ հակադրությունից, որը որևէ աղերս չունի ապագայի, վաղվա օրվա հետ: Այն դեպքում, երբ հեղափոխական ալիքի վրա ձևավորված խորհրդարանը, այդ թվում ի դեմս ընդդիմադիր ուժերի պետք է դառնար իշխանությանը բարեփոխումների դրդող հիմնական լոկոմոտիվ ուժը: Դա, սակայն, տեղի չի ունեցել, ինչի արդյունքում ունենք իրողություն, որ Հայաստանում ընդդիմադիր գործունեությունը նույնացվում է նախկիննների, հակահեղափոխության հետ: Այդ հարցում, իհարկե, մեղավորություն ունի նաև իշխանությունը, բայց խնդիրը միայն իշխանության դաշտում չէ, այլ ընդդիմադիր ուժերի համապատասխան որակների, իսկ ավելի ճիշտ՝ դրանց բացակայության, երկրի առջև ծառացած մարտահրավերներին համարժեք լինելու անկարողության մեջ: Մենք ընդդիմության՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության այդ անհամարժեքությունը տեսնում ենք գրեթե ամեն օր, տեսնում ենք ԱԺ-ում հնչող ելույթներում, տեսնում ենք խորհրդարանից դուրս: Հատկապես այս համավարակի պայմաններում նույն խորհրդարանական ընդդիմությունն իրեն համարժեք չի դրսևորում, մենք լսում ենք առավելապես պոպուլիստական ելույթներ, ամեն ինչում իշխանությանը մեղադրելու մոլուցք, որը լուրջ չէ, քանի որ ընդդիմությունն ինքը գլոբալ իմաստով իշխանության մի մաս է, և եթե ոչ հավասարապես, ապա գոնե մասամբ պատասխանատու պետք է լինի երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար: Կրկնում եմ, դա հատկապես սուր է դրսևորվում այս՝ համավարակի օրերին, երբ երկիրը գտնվում է փաստացի պատերազմի մեջ կորոնավիրուսի վարակին դեմ հանդիման: Բայց մենք չենք տեսնում այդ պատասխանատվության զգացումը խորհրդարանական ընդդիմության կողմից, մենք դա չենք տեսնում նաև խորհրդարանից դուրս գործող քաղաքական շրջանակներում, որոնք քաղաքականությունը հասցրել են անլրջության այնպիսի մակարդակի, երբ առանց որևէ հիմնավորման որոշակի պարբերականությամբ երկրի ղեկավարի հրաժարականի պահանջ են հնչեցնում ու դա անում են նաև համավարակի օրերին: Սա առնվազն անլուրջ է ու անպատասխանատու, բայց լայն իմաստով նորություն չէ Հայաստանի համար: Մենք այսպիսի անպատասխանատվություն տեսել ենք 1990–ականներին, երբ պատերազմի օրերին ընդդիմությունը Երևանում այրում էր պաշտոնյաների նկարներն ու պահանջում նրանց հրաժարականը, մենք դա տեսնում ենք նաև այսօր: Վստահ եմ, հասարակությունը ևս այս ամենը տեսնում ու համարժեք է գնահատում ու այդ առումով այս գործընթացները գուցե նաև դրական են՝ քաղաքացիները կտեսնեն ու կհամոզվեն՝ ի վերջո ով ով է և ինչ է արել ու անում այս երկրի համար: Այս բոլոր գործոնները, ընդդիմության անպատասխանատու վարքագիծը վկայում են, որ մեր երկրում իրականում կա նոր որակի, նոր մշակույթ կրող ընդդիմության պակաս, ինչն էլ մենք փորձելու ենք լրացնել: Ինչպես հայտարարվել է, մենք հավատարիմ ենք մնալու հեղափոխությանը, դրա գաղափարներին ու արժեքներին՝ միևնույն ժամանակ լինելով խիստ ընդդիմադիր իշխանության բոլոր այն քայլերին ու գործողություններին, որոնք երկիրը կշեղեն հեղափոխության ուղուց ու օրակարգերից: Հեղափոխությունը մեզ տվել է ավելի լավ երկիր ունենալու բացառիկ հնարավորություն, ինչի համար անհրաժեշտ են արմատական, հեղափոխական բարեփոխումներ առանց բացառության բոլոր ոլորտներում: Ակնհայտ է, որ գործող իշխանությունն ունակ չէ ամբողջությամբ իրականացնելու այդ բարեփոխումների բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ՝ գաղափարական, ծրագրային բացերի, անհրաժեշտ կադրերի բացակայության պատճառներով: Բայց իշխանությունն ինքն իրեն չի գնա այդ բարեփոխումներին, եթե քաղաքական դաշտում չլինեն համարժեք միավորներ, որոնք կպարտադրեն այդ բարեփոխումները, հրապարակ կբերեն բարեփոխական օրակարգերը: Հենց դա է լինելու մեր հիմնական առաքելությունը, որում, վստահ եմ, մենք հաջողելու ենք: Ո՞ր դաշտում եք տեսնում ձեր հիմնական մրցակիցներին: Որքանո՞վ կարող են խորհրդարնական ընդդիմադիր ուժերը մրցակից դառնալ ձեր քաղաքական ուժի համար և ինչպիսի՞ մրցակցություն եք պատկերացնում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Տեսականորեն մեզ համար մրցակից են բոլոր քաղաքական ուժերը: Գործնականում, սակայն, եթե մենք հաջողենք մեր ձեռնարկումներում, եթե կարողանանք կյանքի կոչել մեր նախանշած գաղափարներն ու ծրագրերը, կարող ենք ինչ որ իմաստով մրցակցությունից դուրս լինել, քանի որ իմ նշած որակներով ընդդիմադիր քաղաքական ուժեր մեր իրականության մեջ չկան: Ես դա ասում եմ ցավով, քանի որ այդպիսի ընդդիմադիր ուժերի բացակայությունն է նաև պատճառը, որ մենք անցած երկու տարիներին չենք հաջողել բազմաթիվ ոլորտներում, որ բարեփոխումները չենք հասցրել ցանկալի ու անհրաժեշտ մակարդակի: Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, ապա ես նրանց մեզ մրցակից չեմ համարում, քանի որ որոշ բացառություններով, այդ ուժերի մեծ մասին միավորում են հակահեղափոխության ու ռևանշի գաղափարները, որոնց հետ մենք որևէ աղերս չունենք: Ճիշտ հակառակը, մեր առաքելություններից մեկն էլ հեղափոխության ու նրա արժեքների պաշտպանությունն է, այդ թվում՝ հակահեղափոխական տարրերից ու միավորներից: Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերին, այն ուժերին, որոնք կապ չունեն անցյալի հետ ու չեն սպասարկում հակահեղափոխական օրակարգեր, ապա մենք նրանց հետ ոչ այնքան մրցակիցներ կլինենք, որքան գործընկերներ, քանի որ մեր նշած օրակարգերի իրականացման համար մենք սիրով պատրաստ ենք համագործակցության բոլոր քաղաքական ուժերի, քաղաքացիական միավորների հետ: Ձեր նախաձեռնությունն ունի՞ արտաքին քաղաքական ուղղվածություն կամ կողմնորշում: Ընդդիմության մի մասը բացահայտ, մյուս մասը՝ ոչ հրապարակավ գործում են ռուսական ուղղվածության դաշտում: Ո՞ր սեգմենտում եք լինելու: Մեր կուսակցության գաղափարական, ծրագրային փաթեթը այս պահին մշակման փուլում է: Ես կարող եմ ասել իմ անձնական դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, որը գուցե նաև եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ արտահայտվի մեր ծրագրային մոտեցումներում: Խորապես համոզված եմ, որ ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում՝ ընդդիմադիր պետք է ունենա արտաքին քաղաքական հստակ ուղղվածություն, կողմնորոշում: Քանի որ մեր գաղափարախոսական հենքը ավելի կամ պակաս չափով ազատականությունն է, հետևաբար արտաքին քաղաքական առումով մեր վեկտորն ուղղղված է դեպի այն ուղղությունը, որում պաշտպանվում են ազատականության հիմնական արժեքները՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Ես Հայաստանի երկարաժամկետ ապագան տեսնում եմ քաղաքակիրթ աշխարհի հետ առավելագույն ինտեգրմամբ, որը, չպետք է բացառել, որ կարող է հանգեցնել նաև անվտանգային համակարգերի ինտեգրման: Դա, իհարկե, ժամանակի հարց է, սակայն որպես տեսլական ես, այո, Հայաստանը տեսնում եմ եվրոպական ընտանիքի կազմում՝ դրանից բխող աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական հետևանքներով: Դուք իրավացի եք այն հարցում, որ մեր ընդդիմության զգալի հատվածը բացահայտ կամ ոչ՝ գործում է ռուսական ուղղվածության դաշտում, ինչը մեծապես հարվածում է մեր ազգային անվտանգությանը, քանի որ, ցավոք, հենց այդ մոտեցումն է հանգեցնում այն իրողության, որ երկրում ձևավորվում է հինգերորդ շարասյուն, որին մաս կազմող ուժերը հանուն իշխանության գալու պատրաստ են օգտագործել արտաքին ցանկացած ազդեցություն: Դա մեծապես թուլացնում է մեր ներքին դիմադրողականությունը, և այդ առումով համարում եմ, որ ցանկացած այլ ուղղվածություն ունեցող քաղաքական միավորի հայտնվելը դաշտում միայն դրական կլինի, քանի որ կնպաստի քաղաքական դաշտի դիվերսիֆիկացմանը, ինչը չափազանց կարևոր է ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Դուք փաստորեն լինելու եք ձեր կուսակցության միակ ներկայացուցիչը Ազգային Ժողովում՝ այդպիսով դառնալով արտախորհրդարանական միակ քաղաքական ուժը, որը խորհրդարանում ներկայացվածությո՞ւն ունի: Որքանո՞վ է փոխվելու ձեր՝ որպես պատգամավորի գործությունը արդեն կուսակցության ստեղծումից հետո:     Իմ գործունեությունը էական փոփոխություն չի կրելու, ես խորհրարանում շարունակելու եմ այն աշխատանքը, որը անում եմ այսօր, դա գլոբալ առումով հանգում է հեղափոխությամբ մեզ տրված հնարավորության պաշտպանությանը ու հեղափոխության հաղթանակի համար անհրաժեշտ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու: Լիահույս եմ, որ արդեն որպես կուսակցության ներկայացուցիչ խորհրդարանում իմ գործունեությունն ավելի ինստիտուցիոնալ, համակարգային բնույթ կկրի, քանի որ ես այլևս ներկայացնելու եմ ոչ միայն իմ, այլ նաև մեր քաղաքական թիմի դիրքորոշումներն ու մոտեցումները: Իհարկե, ես գիտակցում եմ, որ միայնակ չեմ կարող փոխել խորհրդարանում քաղաքական բանավեճի, քննարկումների բովանդակությունը, համենայն դեպս, փորձելու եմ անել առավելագույնը խորհրդարան նոր քաղաքական մշակույթ բերելու, քաղաքական դիսկուրսի որակը փոխելու համար: Իմ հիմնական առաքելություններից մեկը համարում եմ այդ օրակարգերը դեպի վաղվա օրը, դեպի ապագա ուղղելը, որը լինելու է նաև մեր կուսակցության՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության քաղաքական կրեդոն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
03-06-2020 22:18