Կենտրոնասիական ընդվզում Ռուսաստանի եւ Թուրքիայի դեմ. առաջին հարվածը Բաքվին

Ղազախստանի նախագահ Տոկաեւը Կոմսոմոլսկայա պրավդայի հետ զրույցում հայտնել է, որ արգելել է Ղազախստանում շրջանառել «ռուսական սփյուռք» հասկացությունը: Նա իհարկե արգելքը ներկայացրել է մեղմասաց ասպեկտով, նշելով, թե ռուսները ղազախական ժողովրդի մի մաս են եւ մեծ լումա են ունեցել երկրի կայացման ու զարգացման գործում: Այդուհանդերձ  նկատելի է, որ Ղազախստանի նոր նախագահի քաղաքականությունը շարունակությունն է դեռեւս Նազարբաեւի սկսած քաղաքականության, որը միտված է Ղազախստանում «ռուսական աշխարհի»  այսպես ասած էթնո-գաղափարական ոտնատեղերը սահմանափակելուն եւ չեզոքացնելուն: Առավել եւս այն պայմաններում, երբ ռուսական փորձագիտական շրջանակները պարբերաբար բավականին բաց տեքստով շոշափում են Ղազախստանի հյուսիսային շրջանների «դոնբասացման» սցենարներ, հենց տեղի ռուս բնակչության հենքով: Կենտրոնական Ասիայում սակայն միայն Ղազախստանը չէ, որ աշխուժորեն դիմադրում է ռուսական մեծապետականությանը: Մասնավորապես, օրերս առաջ որոշակի սկանդալային զարգացում արձանագրվեց Ուզբեկստանում, որտեղ պատասխանատվություն է սահմանվում ուզբեկերենից զատ պետական փաստաթղթավորման այլ լեզու կիրառելու համար: Բանն այն է, որ այլ լեզուն պարզապես ռուսերենն է: Դա առաջացրել էր Մոսկվայի դժգոհությունը: Օրերս հայտնի դարձավ նաեւ, որ ԵՏՄ անդամ Կիրգիզիան փորձում է բարձրացնել ռուսական ռազմակաանի վարձավճարը: Կենտրոնական Ասիան ըստ երեւույթին ինտենսիվորեն պատրաստվում է նոր աշխարհակարգին եւ դրա գերակա գծին՝ ամերիկա-չինական գերակայությանը: Այստեղ սակայն միայն Ռուսաստանի հարց չէ, այլ նաեւ Թուրքիայի, որի համար ռուսական ազդեցությունը սեփական ազդեցության տարածման պատրվակ ու միջոց է: Ի վերջո, Թուրքիան փորձել եւ փորձում է Ռուսաստանը նույն բանի համար օգտագործել նաեւ Կովկասում, մասնավորապես Հայաստանի եւ Վրաստանի դեմ: Նույնը ըստ ամենայնի կենտրոնասիական ռեգիոնի ուղղությամբ է, որտեղ թյուրքալեզու պետությունները Ռուսաստանի  ազդեցության գոտում էին: Ուժգնացնելով ռուսական էքսպանսիայի վտանգը, թյուրքալեզու պետությունների առաջատարը անշուշտ կարող էր այդ գոտում բարձրացնել իր աջակցության պահանջարկը՝ ռուսական վտանգը զսպելու համար: Իսկ կենտրոնասիական ռեգիոնը պանթուրքական շղթայի կարեւոր մասն է, Թուրքիայի ռազմավարական նկրտումների առանցքային գոտիներից մեկը: Ղազախստանն ու կենտրոնասիական երկրներն ըստ երեւույթին փորձում են կանխարգելել գործընթացները, թույլ չտալով, որ իրադարձությունների զարգացումը հատի կետը, որից չկա վերադարձ: Ընդ որում, այդ համատեքստում էլ բավականին հետաքրքիր է մի քանի շաբաթ առաջ Կասպիցում ղազախ-ադրբեջանական սահմանին Ղազախստանի սահմանապահների կոշտ հարվածը Բաքվին: Սահմանապահները կրակ էին բացել ձկնորսական նավի վրա, որը խախտել էր ջրային սահմանը: Բաքուն դա պայմանավորել էր Ղազախստանի քաղաքականության փոփոխությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
03-06-2020 22:55