Եթե չեն ուզում, պետք է դիմել միջազգային դատարաններ և ազգայնացնել ռուսական ունեցվածքը՝ գազամուղը, երկաթուղին, ռազմական բազան

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրում «մայդաններ» չեն լինի, որովհետև իրենք չունեն Փաշինյաններ ու Զելենսկիներ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և ի՞նչ է ակնարկում Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը որպես բռնապետ խոսում է իր երազների մասին: Ինքը երազում է, որ իրենից հետո ժառանգաբար Բելառուսում իշխանությունը կմնա իր երեխաներից որևէ մեկին: Այսպես ասած, ինքն իրեն միապետ ու թագավոր է զգում: Բոլոր միապետերի երազանքը դա է, որ իրենց երկրում հանկարծ իրեն փոխարինող որևէ մեկը չկա, իրենց ռեժիմը փոխող որևէ մեկը չգա, և ընդհանրապես, այն տարիքում, որում հիմա գտնվում է Լուկաշենկոն, այդ տարիքում մարդիկ ընդհանրապես որևէ փոփոխություն չեն տեսնում, չեն ցանկանում: Նրանք արդեն փոփոխությունների ընդունակ չեն, ունակ չեն և այսպես ասած գնում են դեպի լճացում: Բելառուսը ԽՍՀՄ-ի ամենաինտելեկտուալ հանրապետությունն է եղել: Հիմա Բելառուսը Եվրոպայի շրջանակներում երևի ամենահետամնաց պետությունն է: 1960-ական թվականների տեխնոլոգիան և տնտեսությունն է այնտեղ: Այսինքն, եթե չլինի ռուսական դոտացիան, ռուսական օգնությունը, Լուկաշենկոյի ռեժիմը կարող է խարխլվել: Տարօրինակ չէ, որ բոլոր ընդհարումների, վեճերի ժամանակ կարծես թե պետք է Ռուսաստանը շահագրգռված լիներ հեռացնել Լուկաշենկոյին, բայց այդպես չի, Ռուսաստանը շահագրգռված է, որ բելառուս ժողովուրդը նվաստանա, որ ԽՍՀՄ տարիներին ամենաինտելեկտուալ հանրապետության ղեկավարը լինի այդ գավառամիտ կոլխոզի պարտկոմը: Դա նվաստացնում, հիասթափեցնում է բելառուս ժողովրդին պետությունից, անկախությունից: Այս առումով Լուկաշենկոն չափազանց կարևոր դեր է կատարում: Անկախ Բելառուս նշանակում է գավառականություն և խիստ ընդգծված գավառամիտ ղեկավար: Այ դա է Ռուսաստանի խնդիրը, թե չէ Լուկաշենկոն իրենից ինչ է ներկայացնում: Նրանք ԱՄՆ-ում են միջամտում ընտրություններին, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լուկաշենկոն իրենից ի՞նչ է ներկայացնում, պարզապես նա հարմար է Ռուսաստանի համար: Բելառուս ժողովուրդը պետք է երազի վերադառնալ մետրոպոլիայի գիրկը: Այստեղ արժանապատվության հարց կա, և հարց է, թե բելառուսները որքան կդիմանան այդ իրավիճակին: Ասում ՝ մեզ մոտ Զելենսկի և Փաշինյան չեն լինի: Ինչի, այդքան նվա՞ստ է բելառուս ժողովուրդը, այդքան հետամնաց ու հետադե՞մ է, որ փոփոխություններ, թարմություն չի ուզում: Ուղղակի չեմ ասում՝ հեղափոխությունը բերում է հակակոռուպցիոն և մնացած այլ տեսակի բարեփոխումներ: Բարեփոխումները թողնենք մի կողմ, բայց բելառուսները չեն ուզո՞ւմ, որ իրենց ղեկավարը երիտասարդ մեկը լինի, որին կուզենան նմանվել: Ղեկավարները նմուշ են, ո՞վ կուզենա նմանվել Լուկաշենկոյին: Այնպես որ, բելառուսներն իհարկե ուզում են փոփոխություններ, բայց նրանց դա թույլ չեն տալիս, ասում են՝ չէ, փոփոխության դեպքում դու արժանապատվություն կստանաս, կհարգես քո պետությունը, քո իշխանությունը, ինչը վտանգավոր է: Խնդիրը դա է՝ իշխանությունը պետք է հարգարժան ու վստահելի լինի, հարազատ լինի: Իսկ Լուկաշենկոն խորթ է Բելառուսի համար, նա հետադիմության խորհրդանիշն է: Դրա համար էլ Ռուսաստանը պահում է Լուկաշենկոյի ռեժիմը, որ բելառուս ժողովուրդը կամավոր վերադառնա իր գիրկը, որովհետև Ռուսաստանն անեքսիայի ենթարկելու ռեսուրս չունի: Ուզում է, որ Բելառուսը ինքը դիմում գրի և անցնի ժողովուրդների բանտ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայի» հայտը ուսումնասիրել ու սեփական առաջարկություններն է ներկայացրել: Ըստ այդմ, բնակիչների համար գազը չի թանկանա, իսկ ընդհանուր թանկացումը կկազմի մոտ 4,5 տոկոս: Տեսակետ կա, որ այս իրավիճակից դուրս գալու մի ճանապարհ կա՝ վերանայել 2013-ի գազային խայտառակ համաձայնագրերը: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:   Քաղաքական վճիռ պետք է կայացվի, և Հայաստանը պետք է հրաժարվի իր վասալային կարգավիճակից: Բոլոր այն պայմանագրերը, որոնք քաղաքական ճնշման հետևանքով են արվել, պետք է վերանայվեն: Ցանկալի է, որ այդ վերանայումները լինեն գործընկերային: Այսինքն, այն ժամանակ մեր իշխանությունները վասալային են եղել, համաձայնել են, հիմա մենք համաձայն չենք, վերանայել ենք, այդ համաձայնագրերը պետք է լինեն արդարացի, գործընկերային: Չեմ ասում բարեկամ կամ դաշնակից պետությունների հարաբերություններ, ես չեմ ընդունում, որ մեր թշնամու բարեկամը կարող է նաև մեր բարեկամը լինել: Քեմալ Աթաթուրք-Լենին Ուլյանով դաշինքի կողմերը չեն կարող մեզ բարեկամ լինել: Դրա համար ասում եմ, որ գործընկերային հարաբերությունները պահանջում են, որ Հայաստանը այդ հարցը բարձրացնի, այսինքն հրաժարվի այդ համաձայնագրերից, գուցե նաև միակողմանիորեն: Հայաստանը պետք է սպառնա, որ միակողմանիորեն կհրաժարվենք ձեզ հետ կնքված նվաստացնող, կողոպտող, թալանող բոլոր պայմանագրերից: Հայաստանը պետք է նման հայտարարություն անի, ասելով, որ մենք պատրաստ ենք նաև դա անել գործընկերների կարգավիճակով: Պետք է փոխենք կարգավիճակը, Հայաստանը պետություն է, ՀՀ քաղաքացիներն ունեն հայրենիք, որը ճիշտ այն չափով հարգարժան է, որքան ՌԴ քաղաքացիների համար Ռուսաստանը: Այսինքն մենք ոչ միայն ինքնորոշվել ենք 1991-ին, այլ նաև մենք հավասար ենք դարձել, այդ թվում Ռուսաստանի հետ: Այս խնդիրը պետք է դրվի: Հակառակ դեպքում պետք է դիմել միջազգային դատարաններ և ազգայնացնել ռուսական ունեցվածքը՝ գազամուղը, երկաթուղին, ռազմական բազան, եթե իրենք համաձայն չեն, որ մենք լինենք գործընկերներ: Պետք չի վախենալ, որ մահմեդական աշխարհը կհարձակվի մեզ վրա: Չի հարձակվի: Հիմա չի հարձակվում, այդ քայլից հետո առավել ևս չի կարող հարձակվել: Հաջորդ հարցը, թող Ռուսաստանն իր դաշնակիցներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, պարտադրի բացել ճանապարհները: Այո, Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանը պետք է բացի ճանապարհները, իր դաշնակից Թուրքիան պետք է բացի ճանապարհները: Այսպիսի քաղաքական խնդիր է դրված ՀՀ իշխանության առջև: Անընդունելի է, որ Ռուսաստանը գազի գինը բարձրացնի, վաղը այլ գներ բարձրացնեն: Պետք է հավասարը հավասարի հարաբերվել, հակառակ դեպքում հրաժարվում ենք ձեզ հետ կնքած բոլոր տնտեսական, ռազմական, քաղաքական պայմանագրերից: Դա վտանգավոր չի, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորը չի: Դա սուտ է: Հայաստանի անվտանգության երաշխավորը ՄԱԿ-ն է, ԵԱՀԿ-ն է, կոպիտ ասած՝ Մինսկի խումբը առանց Ռուսաստանի: Ինչպե՞ս եք գնահատում, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում օգնել Հայաստանին՝ հաշվի առնելով այն ծայրահեղ իրավիճակը, որում իրենք են գտնվում: Ընդհանրապես համարժեք չի այսօր Պուտինի վարքագիծը: Ես համարում եմ, որ անթույլատրելի է երկրի ղեկավարի ինքնամեկուսացումը: Այդպիսի երկրի այդպիսի ղեկավարն իրավունք չունի ինքնամեկուսանալու, եթե հիվանդանալու է, ուրեմն պետք է հիվանդանա: Նա պետք է գնա և վարակվի, պետք է ձեռքը դնի հիվանդի վրա և վարակվի: Ինչպես իր ժողովուրդը, այնպես էլ ինքը: Նա սովորական ժողովրդավարական ղեկավար չէ, նա բռնապետ է, իսկ բռնապետը պետք է ապրի ճիշտ այնպես, ինչպես իր ժողովուրդը: Իսկ որ ինքը մեկուսացել է, չի կարողանում կառավարել, Ռուսաստանն այսօր անկառավարելի է: Բոյարներն ինչ ուզում՝ անում են, ցարը չի կառավարում: Բոյարշչինա է այնտեղ: Դրա համար արդեն կարևոր չի, թե ինչ է ասում Պուտինը: Բունկերի մեջ թաքնված տեղից նրա ասածներն անհետաքրքիր են:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
03-06-2020 23:33