Իրավիճակը կառավարելի է, պետք չէ հանձնվել․ Արարատ Միրզոյան

04-06-2020 13:10

«Վերջին օրերին հատկապես մեր ողջ քաղաքական թիմը հայտարարում է, որ, այո, պատասխատավությունը մերն է, մենք երբեք չենք փախնում պատասխանատվությունից: Միևնույն ժամանակ, հանկարծ որևէ մեկը թող չմտածի, որ եթե մենք ասում ենք՝ պատասխանատվությունը մերն է, դուք մի կողմ քաշվեք, ձայն մի հանեք»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ իրավիճակը խտացնել պետք չէ, այս իրավիճակում պետք է զգոն ու սառը դատել: «Ես ուզում եմ կոչ անել՝ բոլոր նրանք, ովքեր հանրային խոսք են ասում, եթե սովորաբար 10 անգամ, ապա այս իրավիճակում 11 անգամ մի հատ մտածեն ամեն շեշտադրման վրա»,- նշեց նա: Միրզոյանն ասաց, որ իրավիճակը երկրում ծանր է, 697 վարակակիրը մեկ օրվա համար ահագին մեծ թիվ է: Բայց իրավիճակը կառավարելի է, պետք չէ հանձնվել, պետք է սթափ հաշվարկված հանգիստ քայլերով շարժվել դեպի հաղթահարում: «Ես մյուս հարցին էլ եմ ուզում անդրադառնալ՝ այո, կգա պատասխան տալու ժամանակը, և ես վստահ եմ, որ կառավարությունը հանդես կգա մանրամասն զեկույցով, թե հիմնադրամի գումարները որտեղ են ծախսվել: Այդ պատասխան տալու ժամանակն էլ է գալու, ոչ ոք չի փախել այդ պատասխանատվությունից»,- նշեց Միրզոյանը:

Lragir.am,
04-06-2020 13:10