Արման Բաբաջանյանն առաջարկում է անհրաժեշտության դեպքում ԱԺ շենքն ու պետական այլ շենքեր տրամադրել կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար

04-06-2020 13:19

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է անհրաժեշտության դեպքում ԱԺ շենքն ու պետական այլ շենքեր տրամադրել կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար: «Երեկ և այսօր մենք լսում ենք, որ հիվանդանոցները գերբեռնված են, մահճակալների տեղ չկա: Ես առաջարկում եմ, որպեսզի համայքային սեփականության շենքերը, քաղաքապետարանները, մարզպետարանները և եթե անհրաժեշտ է Ազգային ժողովն ու մնացած բոլոր հաստատությունները մենք տրամադրենք հիվանդանոցային կարիքի համար, որովհետև բժիշկները ցանկանում են օգնել հիվանդներին, և մենք պետք է ցույց տանք, որ ականջալուր ենք նրանց հորդորներին և պատրաստ ենք նրանց լսել»,- ԱԺ նիստում ասաց Բաբաջանյանը: Նա նշեց, որ ծանր հիվանդներն ըստ ցուցումի ուղարկում են տներ: «Ես կարծում եմ՝ մենք այդ մարդկանց չպետք է թողնենք նման իրավիճակում իրենց տներում: Հորդորում եմ այս նիստից հետո դուրս գալ փողոց, օգնել բժիշկներին, ոստիկաններին, համոզել մեր քաղաքացիներին, որ դիմակ կրեն»,- ասաց պատգամավորը: Արման Բաբաջանյանին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը․ «Գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց ոչ տեղին, պարոն Բաբաջանյան: Չկա և չի կարող լինել այնպիսի իրավիճակ, երբ որ Ազգային ժողովի նիոստերի դահլիճն անհրաժեշտ լինի տրամադրել հիվանդներին: Մի արեք էդպես, հարգելի գործընկերներ»:

Lragir.am,
04-06-2020 13:19