Արձանագարվել է 280-ով պակաս պատահար, զոհերի նվազել են 22-ով, վիրավորները՝ 357-ով. ոստիկանապետ

05-06-2020 14:59

Ոստիկանության պետ Արման Սարգսյանն այսօր Ազգային ժողովոմ նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ անդրադարձավ ճանապարհատրանսպորտային խախտումների կանխման համար ներդրված տուգանային համակարգի աշխատանքներին: Ոստիկանապետը հիշեցրեց, որ հունվարի մեկից ճանապարհատրանսպորտային ոլորտի որոշ իրավախախտումների համար ներդրվել է տուգանային միավորների համակարգը: Նա նշեց, որ համակարգի կիրառման արդյունքում 2020 թվականի 5 ամիսների ընթացքում տուգանային միավոր նախատեսող վարչական իրավախախտումների գործերով կայացվել է 129 195 որոշում, 778 անձի նկատմամբ կիրառվել է 9 և ավելի տուգանային միավոր, 71 անձի նկատմամբ կայացվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում, որոնցից 40-ի նկատմամբ որոշումներն արդեն սահմանված կարգով մտել են ուժի մեջ: Ըստ նրա՝ չնայած այն համակարգին , որ տուգանային միավորների համակարգը գործում է դեռևս միայն տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներով, արձանագրված իրավախախտումների դեպքում արդեն տեսանելի են որոշ դրական արդյունքներ: «Հունիսի 4-ի դրությամբ 2019 թվականի համեմատ արձանագարվել է 280-ով պակաս ճանապարհատրանսպորտային պատահար, ունենք զոհերի նվազում -22 և վիրավորների նվազում -357»,- ասաց ոստիկանապետը: Զոհերի թվի նվազումը ոստիկանապետը պայմանավորում է բալային համակարգի ներդրմամբ՝ նշելով, որ պատահարների ու զոհերի թիվը հիմնականում նվազել է Երևանում: Նա նշեց,որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն էլ այստեղ դեր ունեն, սակայն նախքան այդ սահմանափակումներն էր դրական դինամիկա սկսել արձանագրվել: «Մի կարևոր փաստ՝ այս ցուցանիշը արձանագրվել է 2018 թվականի համեմատ շուրջ 217 հազար ավելի տրանսպորտային միջոցի, իսկ 2019 թվականի համեմատ շուրջ 137 հազար ավելի տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում»,- հավելեց ոստիկանապետը:

Lragir.am,
05-06-2020 14:59